Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հանդես է եկել Եվրամիության միասնական բանակ ստեղծելու նախաձեռնությամբ՝ հայտարարելով, որ Եվրոպան այլևս չի կարող լիովին հույսը դնել Վաշինգտոնի վրա անվտանգության հարցերում։
Ինչպես հաղորդում է Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ԱՄՆ-ի նկատմամբ աճող անվստահությունը և ՆԱՏՕ-ի ապագայի վերաբերյալ մտահոգությունները ստիպում են եվրոպական երկրներին վերանայել իրենց պաշտպանական ռազմավարությունը։
«Մենք չենք կարող ամեն առավոտ արթնանալ և գուշակել, թե ինչ կանի ԱՄՆ-ն հաջորդիվ»,- նշել է Ալբարեսը Բրյուսելում կայացած ԵՄ նախարարական հանդիպման ժամանակ։
Ըստ Իսպանիայի ԱԳ նախարարի՝ սեփական ռազմական ուժերի և պաշտպանական ընդհանուր համակարգի ստեղծումն անհրաժեշտություն է՝ Ռուսաստանից և այլ պետություններից բխող հնարավոր սպառնալիքներին դիմակայելու համար։
Ալբարեսն ընդգծել է, որ եվրոպական բանակը չպետք է դիտարկվի որպես այլընտրանք կամ սպառնալիք ՆԱՏՕ-ին, սակայն եթե Հյուսիսատլանտյան դաշինքն այլևս չի ապահովում պաշտպանության նախկին մակարդակը, ապա եվրոպացիները պետք է ստանձնեն սեփական անվտանգության պատասխանատվությունը։
