Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան այցելած ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմին, որը ժամանել է Հայաստան մեկնարկելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները, հայտնում է ՀՀ կառավարությունը:
Ընկերությունը ներկայացրել է փոխվարչապետին իրենց կողմից մշակվելիք տեխնիկատնտեսական գնահատման շուրջ իրականացվող աշխատանքների հիմնական ուղղվածությունը և ակնկալվող արդյունքները:
Փոխվարչապետը, շեշտելով ԹՐԻՓՓ նախաձեռնության նշանակությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման տեսանկյունից, կարևորել է իրականացվող աշխատանքները և ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները՝ ընդգծելով ՀՀ տարածքով բեռների և ռեսուրսների տարանցման մեծ ներուժը:
Մայիսի 12-ին Գրիգորյանն ԱՄՆ ներկայացուցչի հետ համաձայնեցրել էր ԹՐԻՓՓ-ի իրականացման հարցեր։ ԱՄՆ պատվիրակության կազմում էին ԱՄՆ պետքարտուղարության, ինչպես նաև Զարգացման ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 13-ին Վաշինգտոնում ստորագրել էին ԹՐԻՓՓ նախագծի իրականացման մասին հռչակագիրը: Նախաձեռնության իրականացման համար կստեղծվի ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը, որտեղ բաժնետոմսերի 74%-ը կստանա ԱՄՆ-ն՝ նախնական ներդրումների դիմաց, իսկ 26%-ը՝ Հայաստանը: Այս հռչակագրով Հայաստանը պարտավորվում է առանձին ընթացակարգեր մշակել Ադրբեջանի և Նախիջևանի միջև մարդկանց, տրանսպորտի և ապրանքների տեղափոխման համար։
