Վրաստանում հայկական եկեղեցու սրբապատկերները հայտնվել են աղբամանում – armeniatoday.am

Ախալցխայի Մարդա գյուղի եկեղեցու սրբապատկերներն ու այլ իրեր դուրս են բերվել և նետվել աղբամանը, հայտնել է «Գրուզիա օնլայն»-ը։

Ըստ կայքի՝ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունն արդեն հետաքննություն է սկսել «կրոնական արարողակարգին անօրինական խոչընդոտելու» հոդվածով։

Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցիխե քաղաքի հոգևոր հովիվ Հակոբ Աբեղա Սահակյանը հայտնել է, որ միջադեպն, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել ուշ գիշերին։

Նրա խոսքով՝ եկեղեցականները կարողացել են սրբապատկերները աղբարկղերից հավաքել ու վերադարձնել իրենց տեղը։ Նա ընդգծել է, որ չգիտեն, թե ով է կատարել այդ արարքը, բնորոշելով դա որպես ոչ նորմալ մարդու գործողություն։

Հիշեցնենք, որ եկեղեցին տարիներ շարունակ վիճելի տարածք է համարվել ուղղափառ և Հայ առաքելական թեմերի միջև, ինչի պատճառով այնտեղ այլևս պատարագներ չեն մատուցվում։

Leave a Comment