Ադրբեջանցիները պղծել են Վաղուհասի ազատամարտիկների գերեզմանոցը – armeniatoday.am

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը ահազանգել է Ադրբեջանի իրականացրած վանդալիզմի հերթական դեպքի մասին։

Սոցցանցերի մշտադիտարկման արդյունքում պարզ է դարձել, որ թիրախավորվել է բռնազավթված Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը։

Ավանեսովի փոխանցմամբ՝ ադրբեջանական տիրույթում տարածված տեսանյութը փաստում է էթնիկ և կրոնական ատելության վրա հիմնված կանխամտածված գործողությունների մասին։ Տեսանյութի հեղինակը ցուցադրաբար պղծում է տապանաքարերը, քայլում հանգուցյալների դիմանկարների վրայով և հարվածում դրանց։

Օմբուդսմենն ընդգծել է, որ սա ոչ միայն մշակութային արժեքների ոչնչացում է, այլև հոգեբանական ահաբեկչություն՝ ուղղված զոհվածների հարազատների և ողջ հայ հասարակության դեմ։

«Սա սովորական վանդալիզմ չէ, այլ էթնիկ ատելության վրա հիմնված կանխամտածված գործողություն, որի նպատակը հայկական հետքի վերացումն ու պատմական հիշողության ջնջումն է»,- նշել է նա։

2024 թվականի հունվարին ևս Վաղուհաս գյուղում 2020 թվականի պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար էր ոչնչացվել։ Մշակութային ժառանգության պաշտպանը շեշտում է, որ Արցախի տարբեր բնակավայրերում նմանատիպ տասնյակից ավելի փաստեր են արձանագրվել, ինչը հաստատում է պետական մակարդակով իրականացվող համակարգված քաղաքականության մասին։

Փետրվարին «Գեղարդ» հիմնադրամը ահազանգել էր, որ Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել Արցախի Վաղուհաս գյուղի եկեղեցին։

Leave a Comment