Թրամփը Պեկին է մեկնում Nvidia-ի գործադիր տնօրենի հետ

Թրամփը Պեկին է մեկնում Nvidia-ի գործադիր տնօրենի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական այցով ժամանում է Պեկին, որտեղ նախատեսվում է հանդիպում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, Սպիտակ տան ղեկավարն իր հետ Չինաստան է տանում ամերիկյան խոշորագույն ընկերությունների ղեկավարներին, այդ թվում՝ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգին, որպեսզի հասնի չինական շուկայի առավել մեծ «բացմանը» ԱՄՆ բիզնեսի համար։

Այցի առանցքային նպատակներից է նաև լուծումներ գտնել այնպիսի բարդ խնդիրների համար, ինչպիսիք են Իրանի հետ շարունակվող պատերազմը և դրա հետևանքով առաջացած տնտեսական ճնշումները Միացյալ Նահանգներում։

Մինչ նախագահական ինքնաթիռը վայրէջք կկատարի Պեկինում, ԱՄՆ գլխավոր բանակցող Սքոթ Բեսենտն արդեն իսկ քննարկումներ է սկսել չինացի պաշտոնյաների հետ Հարավային Կորեայում՝ նպատակ ունենալով պահպանել անցյալ տարի ձեռք բերված փխրուն առևտրային համաձայնագիրը։

Ըստ Reuters-ի տվյալների՝ Թրամփն այս հանդիպմանը գնում է ներքաղաքական բարդ իրավիճակում, քանի որ Իրանի հակամարտությամբ պայմանավորված գնաճն ու ցածր վարկանիշները ստիպում են նրան արագ տնտեսական հաղթանակներ գրանցել նոյեմբերին սպասվող միջանկյալ ընտրություններից առաջ։

Բանակցությունների օրակարգում են լինելու նաև բարձր տեխնոլոգիական չիպերի վաճառքի սահմանափակումները, Թայվանին զենքի մատակարարման հարցն ու երկկողմ առևտրային դեֆիցիտի կրճատման հնարավորությունները։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment