Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող բնակավայրերին, որոնք շիական «Հեզբոլլահ» կազմակերպության հենակետերն են, որի հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 13 և վիրավորվել 14 մարդ, ըստ Լիբանանի առողջապահության նախարարության հաղորդագրության։
«Նաբաթիե քաղաքի վրա թշնամու օդային հարվածի հետևանքով զոհվել է հինգ լիբանանցի քաղաքացի, այդ թվում՝ քաղաքացիական պաշտպանության երկու աշխատակից։
Նաբաթիեի մոտակայքում գտնվող Ջիբշեթում զոհվել է չորսը, այդ թվում՝ մեկ լիբանանյան բանակի զինվոր։ Բինտ Ջբեյլի սահմանային շրջանի Քֆար Դունին քաղաքի ռմբակոծության հետևանքով զոհվել է ևս չորս բնակիչ, այդ թվում՝ մեկ կին և մեկ երեխա», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 17-ին հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր զոհերի թիվը հասել է 552-ի, վիրավորներինը՝ 1149-ի։