Տասը տարի անց Թրամփը վերադառնում է ավելի ուժեղ և վճռական Չինաստան։ Երբ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինն այս շաբաթ Պեկինում հյուրընկալի իր ամերիկացի գործընկերոջը, Դոնալդ Թրամփը կհիշի իր վերջին այցը 2017 թվականին. նրանց ընթրիքը տեղի էր ունենում «Արգելված քաղաքում», որտեղ նրան նախորդող ԱՄՆ որևէ նախագահ չէր այցելել, գրում է BBC-ին։
Այս շաբաթվա ընդունելությունը խոստանում է լինել նույնքան շքեղ, ներառյալ կանգառը Չժոննանհայում՝ այն հազվագյուտ համալիրում, որտեղ ապրում և աշխատում է Չինաստանի բարձրագույն ղեկավարությունը։
Սակայն քաղաքական օրակարգն այժմ զգալիորեն ավելի բարդ է։ Առևտրային հակասություններին, տեխնոլոգիական մրցակցությանը և Թայվանի հարցին ավելացել է նաև Իրանի շուրջ աճող լարվածությունը։
Վերջին տասնամյակում Չինաստանը զգալի վերափոխում է ապրել։ Սի Ցզինպինի արդեն երրորդ ժամկետի ընթացքում Պեկինը միլիարդավոր դոլարներ է ներդրել վերականգնվող էներգիայի, արհեստական բանականության, ռոբոտաշինության և առաջադեմ արտադրության ոլորտներում՝ ձգտելով ձևավորել նոր տնտեսական մոդել։
Այս փոփոխությունների խորհրդանիշներից է Չունցինը՝ նախկին արդյունաբերական քաղաքը, որն այսօր ներկայացվում է որպես տեխնոլոգիական և տնտեսական վերափոխման կենտրոն։
Միջազգային ճգնաժամային խմբի ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների ավագ խորհրդական Ալի Ուայնի գնահատմամբ՝ 2017 թվականին Չինաստանը փորձում էր ապացուցել Սի Ցզինպինի աշխարհաքաղաքական հավասարությունը Թրամփին, մինչդեռ այժմ նման անհրաժեշտություն այլևս չկա։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն այսօր Չինաստանին դիտարկում է որպես Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենահզոր մրցակիցներից մեկը։