Դատախազությունը Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն


2025 թվականի հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազություն է ուղարկել Նվեր Ծառուկյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու մասին միջնորդություն: 2025 թվականի նոյեմբերի 14-ին ստացվել է Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազության գրությունն այն մասին, որ հանձնման մասին միջնորդությունը կքննարկվի կիրառելի միջազգային պայմանագրի հիման վրա՝ Բելառուսի Հանրապետության տարածքում նրան հայտնաբերելուց և ձերբակալելուց հետո:


 


 


Հիշեցնենք նաև, որ Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հունվարի 24-ին տեղեկացրել էր, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան են հանձնվել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և բացահայտ հափշտակության մասնակիցներ՝ Ն.Ծ.-ի անվտանգության աշխատակիցներ Մ.Ս.-ի, Գ.Դ.-ի և Դ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթից անջատված նյութերը:


 


Ն. Ծ.-ի անվտանգության աշխատակիցների նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր 2025 թվականի հունվարի 13-ին՝ Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գույքի պահպանման համար նախատեսված միջոցը վնասելով կողոպուտ կատարելը), ինչպես նաև 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հանցանք կատարող անձին աջակցելը):


Դատախազը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում՝ 2025 թվականի սեպտեմբերի 4-ին, հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ծ.-ի անվտանգության ևս երկու աշխատակցի՝ Ա. Ա.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 2-րդ կետերով և 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:


 


Քրեական վարույթից Ա. Ա.-ի վերաբերյալ անջատված մասը՝ դատախազի հաստատած մեղադրական եզրակացությամբ, 2025 թվականի հոկտեմբերի 31-ին հանձնվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:


 


Ա.Մ.-ի նկատմամբ հայտարարված է հետախուզում:


Leave a Comment