
Այս տարի լրացավ Ալիսիա Կիրակոսյանի ծննդյան 90-ամյակը։ Հայաստանում նա հայտնի դարձավ 60-ականներին, երբ այցելեց հայրենիք. Վահագն Դավթյանի թարգմանությամբ նրա բանաստեղծությունները սկսեցին հնչել ամենուր, սիրվեցին ու դարձան նաև երգեր։ Գրականագետ Աբգար Ափինյանը, շատ մտերիմ է եղել բանաստեղծուհու հետ, պատմում է, որ սկզբում Ալիսիան հայերեն չգիտեր և գրում էր միայն իսպաներեն. հետագայում սովորեց մայրենին ու ստեղծագործեց հայերեն, իսկ ԱՄՆ տեղափոխվելուց հետո տիրապետեց նաև անգլերենին։

Ալիսիայի պոեզիայի մասին հիացմունքի խոսքեր են ասել բազմաթիվ նշանավոր արվեստագետներ. նա այն եզակիներից է, ում գիրքը նկարազարդել է Պաբլո Պիկասոն։ Երկու անգամ արժանացել է միջազգային բարձր գրական մրցանակների, ստեղծել է «գերտարածական» բանաստեղծության տեսությունը։
«Սերը գոյության հանճարն է միակ։ Սիրո հակառակն ամենևին էլ չսիրելը չէ` մահն է պարզապես…»։ Սա էր բանաստեղծուհու հավատամքը՝ հավերժ սիրահարվածություն զավակի, Աստծո և հայրենիքի նկատմամբ։ Կարդալով Ալիսիայի բանաստեղծությունները՝ Դալայ Լաման ասել է. «Այ, այսպես պետք է խոսել Աստծո հետ»։