Հանտավիրուսի կասկածով տարհանված Թուրքիայի 3 քաղաքացու թեստերը բացասական են

Հանտավիրուսի կասկածով միջազգային զբոսանավից շտապօգնության ինքնաթիռով տարհանված Թուրքիայի երեք քաղաքացու թեստի պատասխանները բացասական են, հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը։

Երկիր ժամանելուն պես նրանք մեկուսացվել էին, հանձնել անհրաժեշտ թեստեր։ Չնայած բացասական արդյունքներին՝ նրանք որոշ ժամանակ կմնան կարանտինում։ 

Ավելի վաղ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) հայտնել էր Անդյան հանտավիրուսի բռնկման մասին հոլանդական դրոշի ներքո նավարկող MV Hondius զբոսանավում: Մայիսի 11-ի դրությամբ՝ գրանցվել է վարակի 7 հաստատված և 2 հավանական դեպք, որոնցից 3-ը՝ մահվան ելքով: Նավը մայիսի 10-ին ժամանել էր Թեներիֆեի Գրանադիլյա նավահանգիստ, որից հետո ուղևորները տարհանվել էին: ECDC-ն նշել է, որ Անդյան հանտավիրուսը միակ հանտավիրուսն է, որը կարող է մարդուց մարդ փոխանցվել մոտ և երկարատև շփման միջոցով, սակայն ԵՄ երկրների բնակչության համար ռիսկը մնում է «շատ ցածր»:

Հանտավիրուսը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը մարդկանց փոխանցվում է հիմնականում կրծողներ կղանքի կամ աղտոտված մակերեսների միջոցով: Եվրոպայում և Ասիայում այն ​​սովորաբար առաջացնում է երիկամային հիվանդություն, մինչդեռ Ամերիկայում՝ թոքերի ծանր վնասվածք՝ բարձր մահացության ռիսկով: Մարդուց մարդ փոխանցումը համարվում է չափազանց հազվադեպ և գրանցվել է միայն Անդերի վիրուսի մեկուսացված դեպքերում՝ սերտ շփման միջոցով: Հատուկ բուժում կամ պատվաստանյութ չկա. կիրառվում է միայն օժանդակ խնամք:

Leave a Comment