Գերությունից վերադարձած Էուլջեքչյանի բուժման ծախսերի համար հանգանակություն է սկսվել

Բաքվի հինգ տարվա գերությունից ազատված և հայրենիք վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի ֆինանսական օգնության համար «Աղմուկ» կոլեկտիվը կազմակերպել է հրատապ հանգանակություն, տեղեկանում ենք Free armenia Hostges էջից։

Ըստ հրապարակման՝ ՀՀ կառավարությունը մինչ օրս չի տրամադրել համապատասխան վերականգնողական և բնակարանային աջակցություն, հետևաբար նախաձեռնությունը նախատեսված գումարով կհոգա բժշկական ու բնակարանային վարձավճարները։

Գրառման համաձայն՝ նա Երևանում անցնում է բուժման ծավալուն ծրագիր՝ գերության ընթացքում ձեռք բերած առողջական խնդիրների համար և պաշտոնապես ստացել է հաշմանդամության 3-րդ կարգ։

«Ծանր քրոնիկ հիվանդությունների, սահմանափակ շարժունակության, լսողության կորստի և սիրտ-անոթային ռիսկերի պատճառով նա շարունակում է բախվել լուրջ դժվարությունների առօրյա կյանքում և աշխատանքային հարցերում»,- նշված է հրապարակման մեջ։

Էուլջեքչյանը նաև չունի կայուն կացարան, իսկ Լիբանանում բնակվող նրա ընտանիքը դժվարությամբ է հոգում նույնիսկ նրա բժշկական ծախսերը: Նա Հայաստանում միայնակ է անցնում բժշկական գործընթացով։

Հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին էր վերադարձրել չորս գերու՝ Սուջյանին, Դավիթ Դավթյանին, Էուլջեքչյանին և Վագիֆ Խաչատրյանին։ ԱԱԾ-ն հայտնել էր, որ նրանց վերադարձի գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք:

Ադրբեջանում պահվում է 19 գերի, որոնց թվում են Արցախի ռազմաքաղաքական առաջնորդները, որոնց դատավարություններն սկսվել էին 2025-ի հունվարի 17-ին։

Leave a Comment