Հանձնաժողովի կողմից վարույթի իրականացումը չի կարող դիտվել պաշտոնատար անձի նկատմամբ ճնշում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայացրել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի հայտարարության վերաբերյալ իր դիրքորոշումը։

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) սույն թվականի մայիսի 8-ին տարածված հայտարարությամբ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունների և դրանք սահմանող օրենսդրության  համապատասխանությանը Մարդու իրավունքների պաշտպանի անկախության չափանիշներին։

«Կարևորելով ՄԻՊ հաստատության անկախությունը՝ Հանձնաժողովը,  այնուամենայնիվ, գտնում է, որ ՀՀ օրենսդրությունը չի կարող մեկնաբանվել այնպես, որ որևէ պաշտոնատար անձի պարագայում բարեվարքության համակարգի տարրերի պահպանմանն առնչվող դիմումները ենթակա չլինեն քննության լիազոր մարմնի կողմից և մնան անարձագանք։

Հանձնաժողովը՝ որպես ինքնավար մարմին, իրականացնում է կոռուպցիայի կանխարգելման իր մանդատից բխող լիազորությունները՝ հետևելով իր իրավասության ներքո գտնվող բոլոր պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարեվարքության համակարգի տարրերի պահպանմանը։ Ըստ այդմ՝ Հանձնաժողովի կողմից վարույթի իրականացումը որևէ պարագայում չի կարող դիտվել որպես որևէ պաշտոնատար անձի նկատմամբ ճնշում կամ վերջինիս աշխատանքին միջամտություն»,- նշված է հայտարարության մեջ։

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն էր հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերաբերյալ։

 Կառույցը մտահոգություն էր հայտնել առ այն, որ Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները կարգավորող օրենսդրությունը չի համապատասխանում ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության սահմանադրական և օրենսդրական երաշխիքներին, այնպես էլ ոլորտին վերաբերելի միջազգային չափանիշներին։ Հաղորդագրությունում ընդգծվել էր, որ ՄԻՊ հաստատության մանդատի և անկախության նկատմամբ անհարկի միջամտությունները կարող են վտանգ ներկայացնել իրավունքի գերակայության համար։

Leave a Comment