Իրանի հետ զինադադարը «մահամերձ վիճակում է». Թրամփ

Իրանի հետ զինադադարը «մահամերձ վիճակում է». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ զինադադարը «մահամերձ վիճակում է» (on life support)։ Սա այն բանից հետո, երբ պատերազմն ավարտելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին Թեհրանի տված պատասխանը հստակ դարձրեց, որ կողմերը դեռևս խիստ տարբեր դիրքորոշումներ ունեն մի շարք հարցերի շուրջ:

Իրանը կոչ է արել դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը, որտեղ ԱՄՆ դաշնակից Իսրայելը մարտեր է մղում Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահի» գրոհայինների դեմ: Թեհրանը նաև պահանջել է պատերազմի վնասների փոխհատուցում, ԱՄՆ ռազմածովային շրջափակման դադարեցում, հետագա հարձակումների բացառման երաշխիք և իրանական նավթի վաճառքի վերսկսում: Բացի այդ, Թեհրանն ընդգծել է իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, որտեղ նա դադարեցրել է նավագնացությունը, որով սովորաբար տեղափոխվում է համաշխարհային նավթի և գազի պաշարների մեկ հինգերորդ մասը:

Թրամփն ասել է, որ Իրանի պատասխանը վտանգում է ապրիլի 7-ից գործող զինադադարի կարգավիճակը:

«Ես դա կանվանեի զինադադարի ամենաթույլ վիճակը հենց հիմա՝ կարդալով այն աղբը, որ նրանք մեզ ուղարկել են: Ես նույնիսկ մինչև վերջ չկարդացի այն»,- ասել է Թրամփը, ով բազմիցս սպառնացել է դադարեցնել զինադադարը:

ԱՄՆ-ն առաջարկել էր դադարեցնել մարտական գործողությունները նախքան ավելի վիճահարույց հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսելը:

Երկուշաբթի օրը Թեհրանը պաշտպանել է իր դիրքորոշումը: «Մեր պահանջն օրինական է»,- հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային:

Leave a Comment