Հռոմի «Լացիոյի» հետ խաղից հետո Իտալիայի առաջնությունում չեմպիոնի կոչումը վաղաժամ նվաճած Միլանի «Ինտերի» խաղացող Հենրիխ Մխիթարյանը կարևոր հայտարարությամբ է հանդես եկել: Հիշեցնենք, որ միլանցիները հաղթել էին այդ խաղում 3-0 հաշվով, իսկ Մխիթարյանը երկրորդ խաղն անընդմեջ դարձել էր գոլի հեղինակ:
«Այս պահին գլխումս շատ հույզեր կան: Ես հիանալի կարիերա եմ ունեցել, ուրախ եմ իմ նվաճումների և ամենաբարձր մակարդակով ֆուտբոլ խաղալու համար: Ուրախ եմ լինել «Ինտերի» մի մասը և այս տղաների թիմակիցը, քանի որ նրանք վերջին չորս տարիներին երկարաձգել են իմ ֆուտբոլային կյանքը: Մնացել է վերջին մի քանի խաղը, որից հետո ես որոշում կկայացնեմ: Չորեքշաբթի մեծ հանդիպում ունենք, ցանկանում ենք լավ նախապատրաստվել և ևս մեկ տիտղոս նվաճել»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում DAZN Italia-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը միլանյան ակումբի կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Հիշեցնենք, որ նրա գործող պայմանագրի ժամկետն իտալական ակումբի հետ սպառվում է 2026 թվականի հունիսին:
Մայիսի 13-ին «Ինտերը» հնարավորություն կունենա տիրանալու հերթական գավաթին: Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում Միլանի «Ինտերը» կրկին կմրցի հենց Հռոմի «Լացիոյի» հետ։