«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը Արմավիրի և Արարատի մարզերի բնակիչների հետ զրույցում հայտարարել է գյուղատնտեսության ոլորտում արմատական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ գյուղացիները պետք է կարողանան պլանավորել իրենց ծախսերը և հստակ հասկանալ, թե տարեվերջին ինչ եկամուտներ են ստանալու։
«Հիմա մենք ձևավորելու ենք համակարգ, որտեղ դուք մինչև ձեր նախաձեռնությունները արդե՛ն հաշվելու եք ձեր գումարները ձեր գրպանում։ Եթե ձեզ ձեռնտու է, դա զարգացնում եք, եթե ձեզ ձեռնտու չի՝ անիմաստ չեք գնում բանկերից վարկեր վերցնում, հետո ամբողջ ընտանիքով, կներեք, բառիս համար, «ճռռում» եք այդ վարկերի տակ։ Մարդը պետք է հենց սկզբից, տարին սկսվեց՝ դուք գիտեք տարվա վերջում դուք մոտավորապես ինչքան փող ունեք»,- նշել է նա։
Կարապետյանը շեշտել է, որ անհրաժեշտ է զարգացնել արտադրությունը և ստեղծել հավելյալ արժեք, որպեսզի գյուղացին կախված չլինի բերքը թափելուց կամ էժան վաճառելուց։
Նա նշել է, որ ստեղծված իրավիճակը համարում է իշխանությունների կողմից «բացարձակ թողտվություն», որը կարողացել է զբաղվել միայն մարզերում ասֆալտապատմամբ՝ թողնելով դրա ֆինանասավորման հարցը պետության և երեխաների ուսերին։
Նա նշել է, որ պետք է դադարել ծիրանն ու խաղողը միայն որպես հումք վաճառել։ Փոխարենը պետք է ստեղծել վերամշակող հզորություններ և զարգացնել ագրոտուրիզմը՝ ստեղծելով եվրոպական «շատոների» նման կենտրոններ, ինչը հատկապես հեշտ է իրականացնել Էջմիածնի և Արարատյան դաշտավայրի շրջաններում։
«Հիմա ամբողջ աշխարհը ման են գալիս Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի շատոներում, անպայման նույն բանը մենք զարգացնելու ենք ձեր սիրուն շրջաններում»,- նշել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը։
Կարապետյանն ընդգծել է, որ մարդիկ մի կողմից երջանիկ են, որովհետև ամեն օր արթնանալիս տեսնում են Արարատ լեռը և մոտ են կանգնած Սուրբ Էջմիածնին, սակայն մյուս կողմից գտնվում են վարկերի ծանր բեռի տակ։
Նա շեշտել է, որ իշխանությունները ոչինչ չեն արել գյուղացու մասին հոգ տանելու համար, և իրենց նպատակն է ստեղծել վերամշակող արտադրություններ, որպեսզի հումքը չթափվի, իսկ գյուղացին ստիպված չլինի ցանկացած գնով հանձնել իր բերքը՝ վախենալով Լարսի անցակետի փակվելուց։
Դաշինքի առաջնորդն անդրադարձել է նաև սոցիալական խնդիրներին՝ նշելով, որ աշխատանքի բացակայության պատճառով մարդիկ ընկնում են խաղամոլության և թմրամոլության ճիրանները։ Նա խոստացել է, որ իրենց կառավարման օրոք մարդիկ իրենց գումարները կծախսեն բարեկեցության, այլ ոչ թե վնասակար սովորությունների վրա։
Դաշինքի առաջնորդը շեշտել է, որ ոչ թե խոստումներ է տալիս, այլ երաշխավորում է՝ հավելելով, որ փոքր բիզնեսները լիովին կազատվեն հարկերից և ստուգումներից, որպեսզի մարդիկ կարողանան անվտանգ զարգացնել իրենց այգիները։
Հունվարին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել էր Սամվել Կարապետյանի կողմից առաջարկված տնտեսական զարգացման հայեցակարգը։ Այն բաղկացած է հինգ առանցքային քայլից, որոնք, ըստ նախաձեռնողների, կապահովեն Հայաստանի տնտեսական թռիչքն ու ժողովրդագրական կայունությունը։
«Մեր ձևով» շարժումն ավելի վաղ առաջարկել էր Մեղրիի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա, Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով Սևանա լճում ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության վրա, ինչպես նաև Հայաստանի քաղաքներում ու գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր:
Շարժումը տեղեկացրել էր նաև Ալավերդու կենտրոնական զբոսայգու վերակառուցման ծրագրերի մասին և առաջարկել Վանաձորում երկու արդյունաբերական նախագիծ՝ պարարտանյութերի արտադրության քիմիական գործարանի վերականգնում և քաղաքում նավթի վերամշակման կենտրոնի ստեղծում։ Շարժումը նաև մեկնարկել էր էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման համազգային ստորագրահավաք, առաջարկել Սյունիքի մարզի 5 շրջանի զարգացման տեսլական։
