Հայաստանի թանգարանների մուտքը մայիսի 16-ին կլինի անվճար – armeniatoday.am

Մայիսի 16-ին Հայաստանը կմիանա «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը, թանգարանների մուտքը կլինի անվճար, տեղեկացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Նշվում է, որ Մայիսի 16-ին ծրագրին միացած թանգարաններն անվճար կընդունեն այցելուներին ժամը 11:00-ից մինչև 24:00-ը, իսկ մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, ըստ հիմնական այցելության ժամերի:

ԿԳՄՍ-ն խոստանում է, որ այցելուները հնարավորություն կունենան բացահայտելու թանգարանային հավաքածուները նոր ձևաչափով, մասնակցելու ինտերակտիվ միջոցառումների և վայելելու մշակութային հարուստ միջավայր (ծրագիրն ամբողջությամբ՝ նախարարության կայքում)։

Թանգարանների միջազգային օրը այս տարի կրում է «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը» խորագիրը՝ ընդգծելով թանգարանների առանցքային դերը՝ որպես մշակութային երկխոսության, փոխըմբռնման և համամարդկային արժեքների պահպանման ու փոխանցման հարթակներ։

Հայաստանի թանգարանները կազմակերպելու են բազմաբովանդակ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, կրթական ծրագրեր, վարպետաց դասեր, հանրային քննարկումներ և հատուկ այցելություններ։

Թանգարանների միջազգային օրը սահմանվել է 1977 թվականին Թանգարանների միջազգային խորհրդի կողմից (ԻԿՕՄ)՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ՝ միաժամանակ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը թանգարանների կարևորագույն դերի մասին:

Հայաստանը միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը 2005-ից:

Leave a Comment