Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե հնարավոր է ՌԴ-ն գնա Հայաստանի հետ «փափուկ և ինտելիգենտ ամուսնալուծության», եթե Երևանն ընտրի ԵՄ-ն՝ ԵԱՏՄ-ի փոխարեն։
Նա հայտարարել է, որ համաձայն չէ «ապահարզան» ձևակերպման հետ:
«Ես համաձայն չեմ «ապահարզան» ձևակերպման հետ, որովհետև էլի եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ։ Ես այդ ձևակերպման հետ համաձայն չեմ։ Հայաստանը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ»,-հայտարարել է Փաշինյանը։
Մեկնաբանելով Պուտինի հայտարարության այն մասը, թե թող հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով որոշի, թե որ ճանապարհով գնա, Փաշինյանը պատասխանել է, որ հանրաքվե կարվի այն պահին, երբ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը լինի։ «Մենք շատ հարգանքով ենք վերաբերվում ԵԱՏՄ մեր գործընկերներին, ԵԱՏՄ-ին մեր մասնակցությանը»,-հայտարարել է կառավարության ղեկավարը։
Պուտինը մայիսի 9-ին հայտարարել էր, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում։ Այդ դեպքում, ըստ նրա, հնարավոր է «փափուկ և ինտելիգենտ ամուսնալուծության» ուղին։
Անդրադառնալով Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններին՝ Փաշինյանն ընդգծել է, որ դրանք ենթարկվում են «անխուսափելի տրանսֆորմացիայի», ինչը ենթադրում է որոշակի պարզաբանումներ։
«Ես հասկանում եմ նաև, որ որոշակի հարցեր կան, դիսկոմֆորտներ կան, պարզաբանման ենթակա նրբություններ կան, բայց իմ գնահատականն այն է, որ մենք այդ հարցերի շուրջ պետք է աշխատենք հանգիստ, հանդարտ»,- նշել է վարչապետը։
Միևնույն ժամանակ Փաշինյանը հայտնել է, որ չի մասնակցի մայիսի 28-29-ը կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Նա պարզաբանել է, որ այդ մասին նախապես տեղեկացրել է ՌԴ նախագահին և Ղազախստանի առաջնորդին՝ նշելով, որ չի կարողանալու մեկնել ներքաղաքական օրակարգի և Հայաստանում կայանալիք տոնական միջոցառումների պատճառով։ Գագաթնաժողովին Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ապրիլի 1-ին կայացած հանդիպման ընթացքում Փաշինյանն ու Պուտինը քննարկել էին տնտեսական համագործակցությունը, Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ, խորհրդարանական ընտրությունները և Ադրբեջանի հետ կարգավորման հարցը։ Պուտինը հայտարարել էր՝ Եվրամիության հետ մաքսային միության մեջ լինելն ու ԵԱՏՄ-ն իրար հետ հնարավոր չեն: Փաշինյանն արձագանքել էր, որ քանի դեռ հնարավոր է այդ երկու օրակարգը համատեղել, Երևանը կհամատեղի:
Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն զգուշացրել էր, որ ՀՀ-ն շատ մոտ է այն կետին, երբ ՌԴ-ն ստիպված կլինի այլ կերպ կառուցել տնտեսական հարաբերությունները։ Ըստ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի՝ Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի մոտ 23%-ը Եվրամիությանն անդամակցելու դեպքում։
