Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերին

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 11-ի արտահերթ նիստում քննարկվել է ««Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանի ներկայացմամբ օրենսդրական փաթեթի ընդունման նպատակն է էներգետիկ համակարգի կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացումը, նոր գործարար միջավայրի ստեղծումն ու ներդրումների ընդլայնումը: Այն կնպաստի նաեւ սպառողների շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը եւ ծառայությունների որակի ու մատչելիության բարելավմանը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ առաջարկներ չեն ստացվել:

Պատգամավոր Ծովինար Վարդանյանի հեղինակած ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը միտված է բաժնետիրական ընկերություններում փոքրամասնություն կազմող բաժնետերերի շահերի պաշտպանությանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը ներկայացրել է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ստացված առաջարկներն օրենքի նախագծի վերաբերալ: Մասնավորապես, առաջարկվում է շեշտադրել ընկերության կողմից տարեկան պարտադիր այնպիսի որոշումների ընդունումն ու գործարքների կատարումը, ինչպիսիք են հաշվետվությունների հաստատումն ու շահույթների բաշխումը: Առաջարկվում է նաեւ ներդնել շահութաբաժինների իրական եկամտաբերության ապահովման մեխանիզմ, որպեսզի բացառվեն ձեւական կամ աննշան վճարումները: Հեղինակն ընդունել է Կառավարության ներկայացրած առաջարկները:

Քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:

Leave a Comment