Հայաստանի ԱԳՆ-ն առաջարկում է երկարաձգել դեսպանների պաշտոնավարման ժամկետները

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նախատեսում է վերանայել դիվանագետների ռոտացիայի և պաշտոնավարման ժամկետները։

Ըստ նախագծի՝ դեսպանները հնարավորություն կստանան նույն երկրում պաշտոնավարել մինչև 5 տարի, իսկ մեկ այլ պետություն տեղափոխվելու դեպքում ընդհանուր ժամկետը կարող է հասնել մինչև 8 տարվա։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նաև հայտնել է, որ նոր նախագծով առաջարկվում է բարձրացնել արտերկրում ծառայող դիվանագետների աշխատավարձերը՝ դրանք հավասարեցնելով Երևանում նույն պաշտոնը զբաղեցնող դիվանագետների վարձատրությանը։

«Այսօր Երևանում ծառայող առաջին քարտուղարը կարող է ստանալ 267 հազարից մինչև 366 հազար դրամ աշխատավարձ, մինչդեռ արտերկրում ծառայող նույն առաջին քարտուղարի աշխատավարձը մոտ 157-178 հազար դրամ է, ինչը կտրուկ նվազեցնում է արտերկրում ծառայության գրավչությունը»,- ասել է Միրզոյանը։

Միրզոյանը հայտնել է նաև, որ նախագծով առաջարկվում է վերացնել գործող այն կարգավորումը, ըստ որի՝ արտերկրում ծառայող դիվանագետ ամուսիններից մեկը ստանում է աշխատավարձի միայն 50%-ը։ Նրա խոսքով՝ եթե երկու դիվանագետներն էլ լիարժեք իրականացնում են իրենց ծառայությունը, ապա երկուսն էլ պետք է ստանան ամբողջական աշխատավարձ։

Նա նշել է, որ ստեղծվելու է նաև «դիվանագիտական գրասենյակ» ինստիտուտներ այն երկրներում, որտեղ լիարժեք դեսպանություն բացելն արդյունավետ չի համարվում, սակայն անհրաժեշտ է հայկական դիվանագիտական ներկայություն։ Փոփոխություններով նախատեսվում է վերանայել նաև դիվանագետների ռոտացիայի կարգը․ արտերկրից վերադառնալուց հետո նրանք Երևանում կծառայեն նվազագույնը 18 ամիս՝ նախկին 24 ամսվա փոխարեն։

Ազգային ժողովը նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունեց 65 կողմ, 0 դեմ և 10 ձեռնպահ ձայներով։

Leave a Comment