Օրենսդրական փաթեթի ընդունմամբ հնարավոր կլինի բարձրացնել էներգետիկ համակարգի կայունությունն ու անվտանգությունը

Առաջարկվում է որպես էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության նոր տեսակ նախատեսել էներգիայի պահեստավորումը՝ կայանի կառուցման եւ էներգիայի պահեստավորման փուլերով (ժամանակահատվածներով): Լիազոր մարմնի առաջարկի հիման վրա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից այս լիցենզիաները կտրամադրվեն մրցութային եղանակով:

ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «Էներգետիկայի մասին», «Լիցենզավորման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցը քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը:

Նման լիցենզիա ունեցող անձին կտրվի լիցենզիայով սահմանված տարածքում էներգիա պահեստավորող կայան կառուցելու (վերակառուցելու), շուկայի կանոնների համաձայն մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու եւ վաճառելու, շուկայի մասնակիցներին պահեստավորման ծառայություն մատուցելու իրավունք: Լիցենզավորման ենթակա չի լինի մինչեւ 1 ՄՎտ հզորությամբ պահեստավորող կայանում էներգիայի պահեստավորման գործունեությունը՝ կառուցման եւ պահեստավորման ժամանակահատվածներում, ինչպես նաեւ 1 ՄՎտ-ից ավելի հզորությամբ կայանում բացառապես սեփական կարիքների համար էներգիայի պահեստավորման գործունեությունը՝ պահեստավորման ժամանակահատվածում:

Էներգետիկայի բնագավառում Կառավարության լիազորած մարմնի առաջարկի դեպքում էներգիայի պահեստավորման լիցենզիաները տրվելու են եւ համապատասխան սակագները սահմանվելու են հանձնաժողովի կողմից անցկացվող մրցույթի արդյունքով՝ հաշվի առնելով պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենսդրության կիրառելի կարգավորումները:

Էներգիայի պահեստավորման երաշխիքով լիցենզիա ունեցող անձը հանձնաժողովի սահմանած սակագնով պարտավորված կլինի էներգիայի պահեստավորման ծառայություն մատուցել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կարգավարական հրահանգներին համապատասխան՝ շուկայի կանոններով սահմանված դեպքերում եւ կարգով:

Բնագավառի լիազոր մարմնի առաջարկի հիման վրա հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից այս լիցենզիան կտրամադրվի մրցութային եղանակով: Մրցույթի անցկացման կարգն ու պայմանները կսահմանվեն հանձնաժողովի կողմից՝ հաշվի առնելով, որ պետություն-մասնավոր գործընկերություն ծրագրերի իրականացման շրջանակում առկա են ձեւավորված համապատասխան կարգավորումներ:

Կնախատեսվեն էներգիայի պահեստավորման գործունեությամբ զբաղվելու սահմանափակումներ էլեկտրական էներգիայի հաղորդման եւ բաշխման լիցենզիա ունեցող անձանց համար, ինչը միտված է բացառելու, որ այս անձինք, իրենց գերիշխող դիրքից եւ տեղեկատվական առավելությունից օգտվելով, խեղաթյուրեն շուկան կամ ստանան մրցակցային առավելություն այդ գործունեությամբ զբաղվող այլ մասնակիցների նկատմամբ:

Նախագծով առաջարկվում է նաեւ նախատեսել հնարավորություն՝ Կառավարության լիազորած մարմնի առաջարկի հիման վրա ամրագրելու մինչեւ 30 ՄՎտ հզորությամբ ցանկացած տեսակի կայանում էլեկտրական էներգիայի արտադրության՝ հանձնաժողովի կողմից տրամադրվող լիցենզիաների, ինչպես նաեւ ինքնավար էներգաարտադրողների եւ միկրոէներգաարտադրողների արտադրող կայանների միացման շրջանակում գումարային հզորությունների առավելագույն չափաքանակներ ու համապատասխան մեխանիզմներ:

Leave a Comment