Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության արժեքը շարունակում է աճել և արդեն գերազանցել է 77 միլիարդ դոլարը, ըստ Iran War Cost Tracker-ի։
Կայքի տվյալներով՝ գործողության 71-րդ օրվա դրությամբ Վաշինգտոնի ծախսերը գերազանցել են 77 միլիարդ դոլարը։
Ռեսուրսը թարմացնում է տվյալները իրական ժամանակում և հաշվարկում է անձնակազմի, տարածաշրջանում տեղակայված նավերի և այլ հարակից ծախսերի պահպանման համար անհրաժեշտ միջոցները:
Հաշվարկի մեթոդաբանությունը հիմնված է Պենտագոնի` Կոնգրեսին ուղղված զեկույցի վրա, որտեղ նշվում է, որ առաջին վեց օրերի արժեքը կազմել է 11.3 միլիարդ դոլար, իսկ հետագայում ծախսերը հասել են օրական 1 միլիարդ դոլարի:
Ապրիլի վերջին Պենտագոնի ֆինանսների տնօրենի պաշտոնակատար Ջուլս Հերսթը Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի լսումների ժամանակ օրենսդիրներին ասաց, որ Իրանի հետ հակամարտության հետևանքով ԱՄՆ-ի կրած վնասը կազմել է մոտավորապես 25 միլիարդ դոլար։
Սակայն հենց հաջորդ օրը ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հայտնեցին, որ նշված գումարը չի ներառում ամերիկյան ռազմական օբյեկտների վերականգնման և վնասված գույքի փոխարինման ծախսերը: Նրանց տվյալներով՝ իրական ծախսերը գրեթե կրկնակի ավելի են: