Որպես կանոն հարևանները պետք է փոխադարձ հարգանք ցուցաբերեն իրար նկատմամբ։ Սակայն շատերը չգիտեն, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը մանրամասն սահմանում է հարևանների միջև հարաբերությունները՝ աղմուկից և հոտից մինչև ծառերի ճյուղերն ու ցանկապատի կառուցումը։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225.3-225.10 հոդվածները սահմանում են հարևանների իրավունքներն ու պարտականությունները։
Ի՞նչ է հարևանային գույք
Օրենսգրքի 225.3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարևանային է այն հողամասը կամ ցանկացած այլ անշարժ գույքը, որը որևէ եղանակով ազդեցություն ունի մեկ այլ հողամասի կամ ցանկացած այլ անշարժ գույքի վրա։
Օրենսգրքի 225.3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հարևանային համարվող անշարժ գույքի սեփականատերերը, ինչպես նաև օրինական տիրապետողները, բացի օրենքով նախատեսված իրավունքներից և պարտականություններից, ունեն փոխադարձ հարգանք ցուցաբերելու պարտականություն։
Աղմուկ, հոտ, ծուխ՝ ե՞րբ կարող եք պահանջել փոխհատուցում
Օրենսգրքի 225.4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարևանային համարվող անշարժ գույքի սեփականատերը կամ օրինական տիրապետողը չի կարող արգելել հարևան տարածքից գազի, գոլորշու, հոտի, մրի, ծխի, աղմուկի, ջերմության կամ այլ ազդեցություն, եթե այն չի խոչընդոտում իր անշարժ գույքի օգտագործումը, կամ պայմանավորված է գույքի՝ տվյալ տարածքին բնորոշ ձևով բնականոն օգտագործմամբ, կամ այդպիսի ազդեցությունն աննշան է։
Օրենսգրքի 225.4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե ազդեցությունը գերազանցում է նորմատիվներով սահմանված չափը և տվյալ տարածքին բնորոշ գույքի բնականոն օգտագործումը և չի կարող վերացվել ողջամտորեն, իսկ սեփականատերը ստիպված է հանդուրժել այն, ապա նա կարող է հարևան տարածքի սեփականատիրոջից պահանջել դրամական փոխհատուցում։
Ջրօգտագործում
Օրենսգրքի 225.5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ջրային հոսքերը, որոնք անցնում են հարևանների հողամասերով, չեն կարող շեղվել կամ փոփոխվել մեկ հողամասի սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի կողմից այնպես, որ խաթարվի հարևան հողամասի սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի կողմից այդ հոսքերի բնականոն օգտագործման իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ հարևանների փոխադարձ համաձայնությամբ։
Տանիքից ջրահեռացում
Օրենսգրքի 225.6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարևանային համարվող գույքի սեփականատերը կամ օրինական տիրապետողը պետք է միջոցներ ձեռնարկի, որ հարևանային համարվող գույքի տանիքից կամ օժանդակ շինությունից ջուրը, սառույցը կամ ձյունը չթափվեն հարևան հողամասի վրա։
Հարևանի ծառի ճյուղերն ու պտուղները
Օրենսգրքի 225.7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հողամասի սեփականատերը կամ օրինական տիրապետողը կարող է կտրել և իրեն վերցնել ծառի կամ թփի ճյուղերը, արմատները, որոնք հողամաս են անցել հարևան հողամասից այն դեպքում, երբ հողամասի սեփականատերը կամ օրինական տիրապետողը նախապես պատշաճ ծանուցել է հարևան հողամասի սեփականատիրոջը և պահանջել հեռացնել իր հողամասից, սակայն ողջամիտ ժամկետներում միջոցներ չեն ձեռնարկվել։
Օրենսգրքի 225.7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարևան հողամասի վրա ընկած ծառերի կամ թփերի պտուղները համարվում են այդ հողամասի պտուղներ, եթե այլ բան նախատեսված չէ հարևանների փոխադարձ համաձայնությամբ։
Ցանկապատի կառուցում
Օրենսգրքի 225.8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի ցանկապատելու, պարսպապատելու կամ այլ բաժանագծի միջոցով սահմանազատելու իրեն պատկանող հողամասը կամ վերականգնելու արդեն գոյություն ունեցող, սակայն մաշված կամ վնասված բաժանագիծը։
Օրենսգրքի 225.8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բաժանագիծն անցկացնելու հետ կապված ծախսերը հարևանները որոշում են փոխադարձ համաձայնությամբ։ Առանց մյուս հարևանի համաձայնության կատարված ծախսերը չեն հատուցվում։
Վիճելի սահման
Օրենսգրքի 225.9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե այլ բան սահմանված չէ իրավահաստատող փաստաթղթերով, և եթե վեճի արդյունքում անհնար է որոշել ստույգ սահմանը, ապա բաժանագիծն անցկացնելու համար որոշիչ է համարվում հարևանների փաստացի տիրապետումը։ Եթե փաստացի տիրապետումը նույնպես անհնար է որոշել, ապա յուրաքանչյուր հողամասին օրենսդրությամբ սահմանված կարգով միացվում է վիճելի տարածքի հավասար մասը։
Ընդհանուր բաժանագիծ
Օրենսգրքի 225.10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ երկու հողամաս կամ այլ անշարժ գույք բաժանող ցանկացած բաժանագիծ սեփականատերերի համաձայնությամբ կամ դատարանի վճռով կարող է համարվել հարևանների ընդհանուր բաժնային սեփականություն, եթե այլ բան սահմանված չէ իրավահաստատող փաստաթղթերով, կամ եթե այն չի կառուցվել հարևաններից մեկի միջոցներով։
Օրենսգրքի 225.10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե հարևաններն ունեն ընդհանուր բաժնային սեփականության իրավունք, ապա նրանցից յուրաքանչյուրը պարտավոր է բաժանագիծն այնպես օգտագործել, որ չխոչընդոտի մյուսի ընդհանուր օգտագործումը և հավասարաչափ մասնակցել բաժանագծի պահպանման ծախսերին։
Ուշադրություն. հարևանների միջև հարաբերությունները մանրամասն կարգավորված են օրենքով։ Աղմուկ, հոտ, ծուխ և այլ ազդեցություններ թույլատրելի են, եթե չեն խոչընդոտում գույքի օգտագործումը, սակայն նորմատիվները գերազանցելու դեպքում կարող եք պահանջել փոխհատուցում։ Հարևանի ծառի ճյուղերը կարող եք կտրել միայն նախապես ծանուցելուց և ողջամիտ ժամկետ սպասելուց հետո, – տեղեկացնում է Iravaban.net–ը։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։