ԱՄՆ Պատերազմի նախարարությունն արդեն հանրայնացրել է գաղտնազերծված նյութերի առաջին փաթեթը, որը ներառում է չբացահայտված անոմալ երևույթների (UAP) և ՉԹՕ-ների վերաբերյալ լուսանկարներ ու փաստաթղթեր։ Սա Դոնալդ Թրամփի հանձնարարականով սկսված աննախադեպ թափանցիկության գործընթացի առաջին փուլն է։
Հրապարակված նյութերն ընդգրկում են տասնամյակների պատմություն ունեցող այնպիսի դեպքեր, որոնց բնույթը կառավարությունն այդպես էլ չի կարողացել վերջնականորեն պարզել։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արձագանքելով հանրային մեծ հետաքրքրությանը, հանձնարարել էր բացել բոլոր արխիվները՝ նշելով. «Ժամանակն է բացահայտել այս չափազանց բարդ և կարևոր հարցերի հետ կապված ողջ տեղեկատվությունը։ Աստված օրհնի Ամերիկան»։
Պատերազմի նախարար Փիթ Հեգսեթն էլ իր հերթին շեշտել էր, որ այդ ֆայլերը երկար ժամանակ թաքցված են եղել գաղտնիության պիտակի տակ և առիթ տվել բազմաթիվ շահարկումների. «Ժամանակն է, որ ամերիկացի ժողովուրդն ամեն ինչ տեսնի սեփական աչքերով։ Մենք հանձնառու ենք աննախադեպ թափանցիկության»։
Գերատեսչությունը հայտնում է, որ սա միայն սկիզբն է, և նորանոր ապացույցներ ու տվյալներ կհրապարակվեն առաջիկա շաբաթների ընթացքում։
