Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար

Iravaban.net-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը։ 

1) դիմում-հարցաթերթ.

2) օտարերկրյա պետության կողմից տրված վավեր անձնագիր և դրա պատճենը.

3) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր).

4) ծննդյան վկայականը և դրա պատճենը.

5) ամուսնության վկայականը և դրա պատճենը.

6) ամուսնու անձնագիրը և դրա պատճենը.

7) իր զավակի ծննդյան վկայականը և դրա պատճենը և զավակի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և դրա պատճենը կամ ՀՀ քաղաքացիությունը հավաստող այլ փաստաթուղթ

8) ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթերից որևէ մեկը`

 ա. սույն որոշման N 4 հավելվածում նշված եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթ` հաստատված սույն որոշմամբ նախատեսված կարգով, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով,

 բ. օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված և ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ` ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ,

 գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված սույն որոշմամբ նախատեսված կարգով,

 դ. ծնողի (պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում: Համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթն անձի համար կարող է հանդիսանալ ազգությունը հաստատող փաստաթուղթ, եթե եղբոր կամ քրոջ ազգությամբ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ.

9) սույն կետի 8-րդ ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսված փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է նաև տվյալ անձի ազգակցական կապը հիմնավորող` իրավասու պետական մարմինների կողմից տրված փաստաթուղթ: Ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթեր են համարվում նաև սույն կետի 2-րդ, 4-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված` ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող փաստաթղթերը.

10) քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը և դրա պատճենը

11) փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը

12) Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը կամ օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները.

13) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

Leave a Comment