Iravaban.net-ը ներկայացնում է հարկերի վճարման կարգն ու ժամկետները, որոնք սահմանվում են Հարկային օրենսգրքի 18-րդ հոդվածով։
Ե՞րբ է կատարվում հարկի վճարումը
- Հարկի վճարումը կատարվում է հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո (իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ նաև կանխավճարների տեսքով` մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտը): Հարկի (այդ թվում՝ կանխավճարի) վճարման ժամկետները սահմանվում են Օրենսգրքի հատուկ մասով` յուրաքանչյուր հարկատեսակի գծով առանձին:
- Հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված՝ Օրենսգրքով սահմանված հարկի, տույժի և (կամ) տուգանքի վճարումը կատարվում է ստուգման կամ այլ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում:
- Հարկի (այդ թվում՝ կանխավճարի), տույժի և (կամ) տուգանքի վճարումը կատարվում է վճարահաշվարկային համակարգի միջոցով, հայկական դրամով:
- Հարկի (այդ թվում՝ կանխավճարի), տույժի և (կամ) տուգանքի վճարումը համարվում է կատարված վճարողին սպասարկող բանկի վճարման հանձնարարականի հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող` պետական բյուջեի գանձապետական հաշվին գումարի հաշվեգրման օրը, իսկ միասնական հաշվին կամ վարչական ակտի միասնական հաշվին վճարման մասով` այդ հաշիվներին համապատասխան գումարների մուտքագրման օրը:
Միասնական հաշվի կամ վարչական ակտի միասնական հաշվի միջոցով մարվող հարկային պարտավորությունների մարման նպատակով՝
- հարկ վճարողները հարկի վճարումը կատարում են միասնական հաշվին կամ վարչական ակտի միասնական հաշվին.
- հարկի վճարման հանձնարարականում վճարման նպատակի վերաբերյալ նշում չի կատարվում, իսկ նշում կատարվելու դեպքում այն հարկային մարմնի կողմից հաշվի չի առնվում:
Հարկի վճարում կատարելու ժամանակ սխալի առկայության դեպքում կիրառվում են հետևյալ կանոնները.
- վճարումն ըստ հարկ վճարողի նույնականացնելու համար առաջնային է համարվում հարկ վճարողի հաշվառման համարը, այնուհետև՝ հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը.
- եթե վճարողը սխալմամբ վճարման հանձնարարականում, որպես հարկ վճարող, նշել է այլ անձի, որի արդյունքում մարվել է այլ անձի հարկային պարտավորությունը, ապա կատարված է համարվում այլ անձի հարկային պարտավորությունը, իսկ գումարը վճարողին վերադարձման ենթակա չէ: Այս դեպքում վճարողը այլ անձի նկատմամբ ձեռք է բերում քաղաքացիաիրավական պահանջի իրավունք: