Ըստ Axios-ի աղբյուրների՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Սպիտակ տան բանագնացՍթիվ Ուիթքոֆֆը շաբաթ օրը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետ Մուհամեդ բին Աբդուլրահման ալ-Թանիի հետ՝ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելու ջանքերի շրջանակում: Թեև պատերազմի սկզբից ի վեր Պակիստանը հանդիսանում է ԱՄՆ-ի և Իրանի միջև պաշտոնական միջնորդը, Կատարը ակտիվորեն աշխատում է ստվերում: ԱՄՆ պաշտոնյաների փոխանցմամբ՝ Սպիտակ տունը Կատարին համարում է հատկապես արդյունավետ՝ Իրանի հետ բանակցություններում:
Աղբյուրներից մեկի համաձայն՝ Կատարի վարչապետը պետք է անմիջապես վերադառնար Դոհա, սակայն փոխել է ծրագրերը և մեկնել Մայամի: Մայամիում գտնվելու ժամանակ նա զանգահարել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարարին՝ քննարկելու միջնորդական ջանքերը: Աղբյուրները նշում են, որ հանդիպման կենտրոնում եղել է պատերազմն ավարտելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի հասնելու ուղին: Աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ Կատարը, Պակիստանը, Եգիպտոսը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան աշխատում են համատեղ՝ համաձայնության հասնելու համար. «Միջնորդները հորդորում են երկու կողմերին գնալ դեէսկալացիայի և կենտրոնանալ գործարքի կնքման վրա»:
Պետդեպարտամենտը դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի տվել այս առնչությամբ:
Շաբաթ օրվա կեսօրվա դրությամբ ԱՄՆ-ն դեռ սպասում էր Իրանի վերջին արձագանքին:
