Այսօր՝ մայիսի 9-ին, Երևան–Լոնդոն ուղիղ չվերթի մեկնարկին ընդառաջ, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի և «Վիզ Էյր» ավիաընկերության համագործակցությամբ իրականացվող «Let’s Get Lost» արշավի շրջանակում Հայաստան ժամանեց «կորած» ինքնաթիռը՝ 100 բրիտանացի հյուրերով, լրագրողներով և սոցիալական հարթակներում հայտնի անձանցով (ինֆլուենսերներով)։ Այս մասին տեղեկանում ենք Զբոսաշրջության կոմիտեից։
«Let’s Get Lost» արշավը «Վիզ Էյր» ավիաընկերության ամենամյա հատուկ նախաձեռնությունն է, որի շրջանակում մասնակիցները մեկնում են ճամփորդության՝ առանց նախապես տեղեկանալու իրենց վերջնական ուղղության մասին։ Այս տարի «կորած» ինքնաթիռը վայրէջք կատարեց Հայաստանում՝ հնարավորություն ընձեռելով հյուրերին բացահայտելու մեր երկրի հարուստ մշակույթը, համեղ խոհանոցը և անմոռանալի փորձառությունները։
Ծրագրի իրականացման համար շնորհակալություն ենք հայտնում Երևանի քաղաքապետարանին՝ ցուցաբերած աջակցության համար։
