Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի՝ ավիահարվածի հետևանքով ստացած վնասվածքներն արդեն գրեթե ապաքինվել են, հայտնում է Al Araby-ն՝ հղում անելով կառավարական խորհրդակցությունների համակարգող Մազահեր Հոսեյնիին։
Իրանի նոր առաջնորդը տուժել է փետրվարի 28-ի հարձակման ժամանակ, երբ Իսրայելը և ԱՄՆ-ը համատեղ ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարձակման հետևանքով զոհվել են նրա հայրը՝ նախկին հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, և կինը։
Ըստ իրանցի պաշտոնյայի խոսքերի՝ պայթյունի ալիքի պատճառով Մոջթաբա Խամենեին վայր է ընկել և ստացել ծնկի ու մեջքի վնասվածքներ, ինչպես նաև փոքր վնասվածք ականջի հետևի հատվածում։ Հոսեյնին ընդգծել է, որ մեջքի վնասվածքն արդեն ապաքինվել է, իսկ ծունկը, ըստ ակնկալիքների, շուտով կվերականգնվի։ Ականջի հետևի փոքր կտրվածքը չալմայի պատճառով չի երևում։
The Wall Street Journal-ը նշում է, որ սա առաջին դեպքն է, երբ Իրանի իշխանությունները հրապարակայնորեն հայտնում են նոր գերագույն առաջնորդի վիրավորման մանրամասները։
