ԱՄՆ-ն կարող է զորքերը դուրս բերել ոչ միայն Գերմանիայից․ ԶԼՄ – armeniatoday.am

ՆԱՏՕ-ում ԱՄՆ եվրոպական դաշնակիցները կարծում են, որ Վաշինգտոնը չի սահմանափակվի Գերմանիայից 5000 զորքերի դուրսբերմամբ, և որ սպասվում է Եվրոպայում ԱՄՆ ռազմական կոնտինգենտի հետագա կրճատում, հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրների դիվանագետները կարծում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հայտարարել Իտալիայից զորքերի դուրսբերման մասին, ինչպես նաև հրաժարվել Գերմանիայում հեռահար զենքեր տեղակայելու ծրագրերից։

Հնարավոր է նաև Իսպանիայում ԱՄՆ ռազմական ներկայության կրճատում։ Այլ հնարավոր սցենարներից են Վաշինգտոնի դուրս գալը ՆԱՏՕ-ի որոշ զորավարժություններից և զորքերի վերաբաշխումը այն երկրներից, որոնք դժգոհ են ԱՄՆ-ից, դեպի ամերիկացի առաջնորդին ավելի հավատարիմները, նշում է գործակալությունը։

Ըստ աղբյուրների՝ ՆԱՏՕ-ից իր հիասթափության մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունները սրել են Թրամփի և եվրոպական երկրների ղեկավարության միջև երկարատև լարվածությունը։

Ապրիլի 29-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Վաշինգտոնը քննարկում է Գերմանիայում իր զորքերի թվաքանակը կրճատելու հարցը և շուտով որոշում կկայացնի։ Նա չմանրամասնեց, թե ինչու կարող է վարչակազմը նման քայլի դիմել, սակայն հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քննադատեց Իրանի դեմ ԱՄՆ ռազմական արշավը՝ մատնանշելով Վաշինգտոնի հստակ ռազմավարության բացակայությունը։

Մայիսի 1-ին պաշտպանության նախարարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Շոն Փարնելը հայտարարել էր Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթի՝ Գերմանիայից 5000 ամերիկացի զինծառայողների դուրսբերման հրամանի մասին։ Նրա խոսքով՝ զորքերի դուրսբերումը, ենթադրաբար, կավարտվի առաջիկա վեցից տասներկու ամիսների ընթացքում։

Միացյալ Նահանգները Եվրոպայում տեղակայել է մոտ 80 000 զինծառայող։ Նրանցից մոտ 38 000-ը մշտական ​​և ռոտացիոն հիմունքներով գտնվում են Գերմանիայում։

Leave a Comment