Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81-ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում, Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ուղերձում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության և արևմտյան դաշնակիցների տարած հաղթանակի օրը քաղաքացիները պարտավոր են չմոռանալ այն աղետները, որ մարդկությանը բերել է ֆաշիզմը, և դատապարտել այդ երևույթն իր բոլոր դրսևորումներով։
«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում բոլոր այն նահատակների առաջ, ովքեր իրենց կյանքը տվեցին մարդկությունը ֆաշիզմից փրկելու համար։ Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում նաև ֆաշիզմի դեմ պայքար մղած բոլոր երկրներին և մարդկանց»,- ասված է ուղերձում։
Վարչապետը հիշեցրել է, որ 2026 թվականի մայիսի 9-ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում։ Արդեն երկու տարի զոհեր և վիրավորներ չունենք, իսկ սահմանամերձ բնակավայրերն ապրում են հրաձգություններից զերծ միջավայրում, ընդգծել է նա։
Մայիսի 9-ի առավոտյան Հաղթանակի զբոսայգի էին այցելել բարձրաստիճան պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։
Փաշինյանն մայիսի 8-ից գտնվում է արձակուրդում՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելու նպատակով: Այսօր նա Կապանում է և առավոտյան այցելել է Բաղաբուրջ գյուղի պանթեոն, որտեղ ծաղիկներ է խոնարհել հանուն հայրենիքի կյանքը տված հերոսների հիշատակին։
