ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հայտնել է հայ-հնդկական համատեղ զենքի արտադրության հնարավորության մասին։
Խոսելով ռազմատեխնիկական համագործակցության դիվերսիֆիկացիայի մասին՝ նա հրաժարվել է մանրամասներ հայտնել՝ միայն նշելով, որ Հայաստանն ընդլայնում է գործընկերների շրջանակը։
Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ապրիլի 30-ին Հնդկաստան կատարած այցի ընթացքում քննարկել էր ռազմական տեխնիկայի համատեղ մշակման, զինված ուժերի արդիականացման և ռազմավարական համագործակցության խորացման հարցեր։ Ըստ հնդկական մամուլի՝ Հայաստանը դիտարկում է օդից օդ դասի միջին հեռահարության Astra MK1 հրթիռների ձեռքբերումը, ինչպես նաև հայկական ԶՈւ սպառազինության Су-30СМ կործանիչների արդիականացումը՝ հնդկական տեխնոլոգիաների կիրառմամբ։
«Մենք չպետք է մեր խնդիրներով պարփակված մնանք։ Եվ այդ առումով որքան շատ պետությունների հետ համագործակցենք, այնքան լավ։ Ովքեր ցանկանում են Հայաստանում տիրի խաղաղություն, դա իրականացվում է ի նպաստ մեր պաշտպանական կարողության»,- նշել է նա։
Armenia Today-ի հարցին՝ արդյո՞ք այս համատեքստում Հայաստանը շարունակում է փոխգործակցությունը Ռուսաստանի հետ, փոխնախարարը պարզաբանել է, որ «սպառազինության ձեռքբերման աղբյուրների ընդլայնումը չպետք է ընկալվի որպես գործողություն՝ ուղղված որևէ կոնկրետ գործընկերոջ դեմ կամ նրա հաշվին»։
«Որևէ մեկի հաշվին որևէ մեկի հետ հարաբերություններ չեն իրկանացվում, բնականաբար իրականացվում է դիվերսիֆիկացիա, ինչը ենթադրում է բոլոր հնարավոր տարբերակներն օգտագործեկ հանուն ՀՀ պաշտպանական կարողության»,- շեշտել է նա։
