Շենգավիթի աշխատակազմի աշխատակիցների հետ կապված միջադեպով երեք անձ է ձերբակալվել

Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող նախկին «Հայրենիք» կինոթատրոնի շենքի պատին գովազդային պաստառի տեղադրման հետ կապված միջադեպի գործով ձերբակալվել է 3 անձ, հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 67 և 50-ամյա տղամարդիկ հայտնաբերվել և ձերբակալվել են, իսկ 29-ամյա երիտասարդը ինքնակամ ներկայացել է բացատրական աշխատանքի արդյունքում։

Մայիսի 7-ին ոստիկանությունը գործով մեկ անձ էր ձերբակալել։

Գերատեսչությունը հայտնել էր, որ մայիսի 7-ին Երևանի քաղաքապետարանի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի առևտրի ծառայության և գովազդի բաժնի մասնագետները փորձել են ապամոնտաժել գովազդի մասին օրենքի չափանիշներին չհամապատասխանող պաստառը, ինչի ընթացքում շենքի սեփականատիրոջ և այլ անձանց մասնակցությամբ վեճ է ծագել։ Ըստ քաղաքապետարանի՝ միջադեպը տեղի էր ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաստառի հեռացման ժամանակ։

Կուսակցության պատգամավորի թեկնածու Գևորգ Ստեփանյանը հայտարարել է, որ նկարը փակցվել էր կինոթատրոնի սեփականատիրոջ համաձայնությամբ։ Նա պնդել է, որ վարչակազմի աշխատակիցները պատռել են պաստառը, վիրավորել շենքի սեփականատիրոջը և «գռեհիկ ու լկտի» են պահել իրենց։

Leave a Comment