Հայաստանում տարիներ շարունակ տարբեր կազմակերպությունների հրապարակած սոցիոլոգիական հարցումների թվերը հաճախ չեն համընկել ընտրությունների իրական արդյունքների հետ։ Ամենից հաճախ քննարկումների կենտրոնում հայտնվել է «հայկական Գելափը», որը որևէ կապ չունի ամերիկյան հայտնի Gallup միջազգային կազմակերպության հետ։
Թեման հատկապես սրվեց 2021 թվականի ԱԺ ընտրությունների ընթացքում։ Նախընտրական շրջանում հենց այդ հայկական Գելափի հրապարակած հարցումներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Հայաստան» դաշինքը ներկայացվում էին գրեթե հավասար դիրքերում․ 25,2 տոկոսը պատրաստվում էր քվեարկել «Քաղաքացիական պայմանագրի», 28,7 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի օգտին։
Այնուամենայնիվ, հունիսի 20-ի ընտրությունների պաշտոնական արդյունքները բոլորովին այլ պատկեր արձանագրեցին։
«Քաղաքացիական պայմանագիրը» ստացավ շուրջ 54 տոկոս ձայն, իսկ «Հայաստան» դաշինքը՝ մոտ 21 տոկոս։
Սակայն սոցիոլոգիական հարցումների շուրջ տարակարծությունները Հայաստանում սկսվել են շատ ավելի վաղ։ Առաջին խոշոր տարբերությունը նախընտրական հարցումների և քվեարկության օրվա պաշտոնական տվյալների հետ գրանցվեց 2008 թվականի նախագահական ընտրություններին։ Այդ տարիներին «հայկական Գելափի» տվյալներով՝ իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանը անհասանելի առավելություն ուներ մյուս թեկնածուների նկատմամբ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը ներկայացվում էր 3-5 տոկոսի սահմաններում։
Օրինակ՝ 2007 թ. դեկտեմբերին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը պնդում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հասարակության լայն աջակցություն չունի, և վարկանիշը 2,7 տոկոս է։
2008 թվականի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը զբաղեցրեց երկրորդ տեղը՝ ստանալով ավելի քան 21,5 տոկոս ձայն։
Այսօր՝ գրեթե երկու տասնամյակ անց, սոցիոլոգիական հարցումների շուրջ բանավեճերը կրկին ակտիվացել են։ Վերջին ամիսներին հրապարակված նոր հարցումները դարձյալ լայն տարածում են ստանում մեդիայում և սոցիալական ցանցերում։ Օրինակ՝ IRI-ի 2026 թվականի փետրվարյան հարցման համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 29 տոկոս աջակցություն, «Ուժեղ Հայաստանը»՝ 11 տոկոս, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 4 տոկոս։
Օրեր առաջ հայկական «Գելափը» նոր տվյալներ հրապարակեց, ըստ որոնց՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 27 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 14, «Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ-ն՝ 8-ական։ Հաշվի առնելով 2021 թ. փորձը՝ կարելի է կանխատեսել, որ ընտրությունների օրվա մոտենալուն զուգահեռ այս հայկական Գելափը շարունակական աճի տրամաբանությամբ նոր տոկոսներ կբաշխի ընդդիմությանը։ Իսկ այդ տվյալները որևէ կապ չեն ունենա քվեարկության իրական արդյունքների հետ։ Հատկանշական է, որ այս Գելափի տրամաբանությամբ 2 ամիս առաջ հարցումների տվյալներ էր հրապարակում նաև Սամվել Կարապետյանի կուսակցությունը։ Այդ տվյալներից մեկում ընդհանուր թիվն անցել էր 100 տոկոսը։
Դա արդեն իսկ բավարար է՝ պատկերացում կազմելու այսպիսի հարցումների, դրանց արժանահավատության և որակի մասին։
