Բոլորն ասում են՝ ՔՊ-ն հաղթելու է. սա ինձ ուրախացնում է, բայց մի քիչ էլ անհանգստացնում է. Փաշինյանի քարոզարշավի մեկնարկը Սիսիանում խիստ սակավամարդ էր

Այսօր՝ մայիսի 8-ին, մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ ՔՊ-ն քարոզարշավն սկսել է Սյունիքի մարզից։
Նիկոլ Փաշինյանը Սիսիանում քաղաքացիների հետ հանդիպումն սկսեց ՀՀ քարտեզներ, նախընտրական բուկլետներ ու թխվածք բաժանելով։

«Քարտեզ տվեք, էլի։ Թխվածք էլ, ստեղ երեխեք կան։ Մի րոպե, պուճուր ջան՝ էս քեզ։ Էլի, մի երկու հատ թխվածք տվեք։  Ով ա՞ ուզում քարտեզ, թխվածք, թխվածք, թխվածք, քարտեզ… էէէ, չեղավ, հագիստ ժողովուրդ ջան, բոլորիդ էլ կտամ»,- քարտեզ բաժանելով, պարբերաբար ձեռքից ՀՀ քարտեզը  գցել-վերցնելով ասաց նա։

Փաշինյանի հետ հանդիպման եկած սիսիանցիներից մի քանիսը «ոտքի վրա» ձևակերպեցին իրենց խնդրանքները, ինչին ի պատասխան՝ նա խոստացավ բոլոր հարցերին լուծում տալ։

Հատկանշական է, որ Սիսիանի կենտրոնական հրապարակը խիստ սակավամարդ էր, հանդիպման եկածների թիվն բավական փոքր էր։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ այս ընթացքում իշխանությունը բազմաթիվ խնդիրներ է լուծել, սակայն շատ հարցեր մնում են չլուծված։

Նա առանձնացրեց հատկապես համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը՝ նշելով, որ ՀՀ քաղաքացին մենակ չէ, պետությունը լուծել է 65+ տարիքի մարդկանց թոշակի և առողջության հարցերը։

«Բայց այդ ընտրություններն իրականում ո՛չ թշակի, ո՛չ առողջության ապահովագրության մասին չեն։ Չհավատաք նրանց, ովքեր ասում են, որ ընտրություններից հետո ապահովագրությունը չեղարկվելու է, դա բացառված է»,- ասաց նա։

Ինչ-որ պահի Նիկոլ Փաշինյանը սկսեց հետաքրքրվել, թե ուր են իր թիմակիցները՝ կանչելով Անահիտ Ավանեսյանին, Արարատ Միրզոյանին, Հայկ Կոնջորյանին և Ռուբեն Ռուբինյանին։

«Եթե շփվում եք քաղաքացիների հետ, նորմալ է, մնացեք և շփվեք, բայց եթե ըտեղ  մի տեղ նստած ծխում եք, իրար հետ եք շփվում, ավելի լավ է եկեք, այստեղ կանգնեք»,- ասաց նա։

Առողջապահության նախարարն իր հերթին հավաստիացրեց, որ առողջությնա համընդհանուր ապահովագրությունը 2 տարում ընդգրկելու է ՀՀ ողջ ազգաբնակչությանը։

Շարունակելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ 2026 թվականի ընտրությունները մեկ կարևոր նպատակ ունեն՝ խաղաղություն։
«Մենք ուզում ենք, որ տեր կանգնեք խաղաղությանը, որովհետև այդպես տեր կգանքնենք մեր պետությանն ու ապագային։ Ապագան եկել է, և պետք է տեր կանգնել այդ ապագային։ Ապագան էն ա, որ ՀՀ քաղաքացիները, թոշակառուները գնում են, 3-4 միլիոն արժեցող վիրահատություն են ստանում, ապրելու հնարավորություն են ստանում։

Ձեր խնդիրն է պատմությունը դարձնել անընդհատելի։ Պատմությանը տեր կագնելը կախված է ձեզնից յուրաքանչյուրից։ Բոլորն ասում են՝ ՔՊ-ն հաղթելու է։ Սա ինձ ուրախացնում է, բայց մի քիչ էլ անհանգստացնում է, որովհետև պատասխանատվությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես»,-ասաց Փաշինյանը՝ մատով ցույց տալով ներկա գտնվողներին։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2018-ի ընտրություններից հետո Հայաստանում իշխանությունը պատկանում է մեկ մարդու, և այդ մեկ մարդը հրապարակում հավաքված յուրաքանչյուրն է։

«Հունիսի 7-ին գնացեք ընտրատեղամաս և տեր կանգնեք ձեր ինքնիշխանությանը, պետությանն ու խաղաղությանը։ Դրա համար պետք է մի բան՝ քվեարկել ՔՊ-ի օգտին»,- ասաց նա, բայց հանդիպելով ոչ այնքան բուռն բացականչությունների՝ հարց ուղղեց՝ իսկ հնարավո՞ր է, որ մարդի չեն քվեարկելու իշխանության օգտին։
«Էս կարող ա՞ ես ուրիշ հավաքի մեջ եմ հայտնվել, հլը մի հատ ասեք»,- ներկաներին հարց ուղղեց նա։

Վերջում նա հիշեցրեց, որ Սյունիքի մարզի հիմնական հանրահավաքը նախատեսված է վաղը՝ ժամը 19։30-ին, Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում։

Leave a Comment