Պուտինն ուղերձներ է հղել մի շարք երկրների ղեկավարներին, այդ թվում՝ Հայաստանի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

Ռուսաստանի նախագահը նշել է, որ երախտագիտությամբ և հարգանքով են հիշում հայրերին ու պապերին, որոնք ուս-ուսի տվա՝ծ կռվել են ռազմաճակատում և աշխատել թիկունքում՝ անասելի զոհողությունների ու զրկանքների գնով մոտեցնելով բաղձալի հաղթանակը։

Օտարերկրյա պետությունների ղեկավարներին և քաղաքացիներին ուղղված շնորհավորական ուղերձներում Ռուսաստանի նախագահը ջերմ շնորհավորանքներ և անկեղծ երախտագիտության խոսքեր է փոխանցել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և թիկունքի աշխատավորներին՝ մաղթելով նրանց քաջառողջություն, տոկունություն և երկարակեցություն։

Պուտինը Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին ուղղված ուղերձներում կոչ է արել պահպանել պատերազմի ծանր տարիների իրադարձությունների հիշատակը և փոխանցել հաջորդ սերունդներին բարեկամության ու փոխօգնության բարի ավանդույթները, որոնք միավորում են իրենց ժողովուրդներին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի մայիսի 8-ին մեկնել էր ՌԴ՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին։

Զորահանդեսից հետո երկրների առաջնորդները ծաղիկներ էին խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրին: Այնուհետև Մոսկվա ժամանած պատվիրակությունների ղեկավարների պատվին Պուտինի անունից տրված ընդունելություն էր տեղի ունեցել։ Ռուսաստանի առաջնորդը շնորհակալություն էր հայտնել օտարերկրյա պատվիրակություններին՝ միջոցառումների ներկա գտնվելու համար։

Փաշինյանն այս տարի չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա շքերթին՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավով պայմանավորված։ 

Leave a Comment