«Մեր նկատմամբ ընտրական գործընթացի կարևորագույն, անկյունաքարային՝ հավասարության սկզբունքը խախտված է։ Մեր ուժի քաղաքական առաջնորդը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահը, ապօրինի սահմանափակումների տակ է, կներեք, ասեմ՝ անտրամաբանական անգամ սահմանափակումների տակ է»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը` անդրադառնալով նաև Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված կաշառքի վերաբերյալ բացահայտումներին:
«Պարբերաբար մեր բոլոր մարզային կառույցներում քաղաքական իշխանությունը կատարում է միջամտություններ՝ իրավապահ մարմինների կողմից։ Առավոտը բացվում է, խուզարկություն է տեղի ունենում, 15-20 աջակից, համակիր, աշխատակից բերման են ենթարկում»,- ասաց Մելոյանը:
Նրա խոսքով խուզարկությունների և ձերբակալությունների նպատակը վախի մթնոլորտի տարածումն է. «Փորձում են կաշառքների արհեստական պատկեր ստեղծել, մենք ժողովրդին կաշառք բաժանելու կարիք չունենք…»,-ասաց Մելոյանը:
Հիշեցնեք` Հակակոռուպցիոն կոմիտեն մի քանի գաղտնալսումներ է տարածել` «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ: