Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է նախագիծը, որով պետական ծառայությունների աշխատակիցների համար վերացվում է 65 տարեկան տարիքային սահմանափակումը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ պետական կառույցներում աշխատողներ քաղաքացիները կարողանալու են շարունակել իրենց աշխատանքը նաև 65 տարեկանը լրանալուց հետո, ինչը չէր թույլատրվում գործող օրենսդրությամբ։
Թորոսյանի փոխանցմամբ՝ խոսքը մոտ 20-25 հազար քաղաքացու մասին է։
Նախարարը հավելել է, որ լինելու են որոշ բացառություններ ուժային կառույցներում և բուհերում աշխատողների համար, սակայն մեծամասնության համար օրնքը կիրառելի է լինելու։ Ըստ նախագծի՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցման հիմք կարող են լինել միայն մասնագիտական կարողություններն ու աշխատանքի արդյունավետությունը։
Նախագծով նաև առաջարկվում է պետական ծառայողների որոշ խմբերի թույլատրել դառնալ խնամատար ծնող և դրա համար ստանալ վարձատրություն, եթե այլ օրենքով սահմանափակում նախատեսված չէ։
