Անվտանգության ուժեղացված ռեժիմ Ռուսաստանում՝ Հաղթանակի օրվան ընդառաջ




 

Ազատություն. Մայիսի 9-ին նացիստական Գերմանիայի դեմ ԽՍՀՄ հաղթանակի օրը տոնելու համար Մոսկվայում կայանալիք շքերթին ընդառաջ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ուժեղացված անվտանգության ռեժիմին։


 


«Դուք գիտեք, որ կարևորագույն տոների նախօրեին, և, իհարկե, Հաղթանակի օրը, համապատասխան ծառայությունները միշտ էլ ձեռնարկում են անվտանգային լրացուցիչ միջոցառումներ», – լրագրողներին ասել է Պեսկովը։


 


Նրա խոսքով՝ այս տարի հավելյալ քայլեր են իրականացվում՝ հաշվի առնելով «բավականին բարդ օպերատիվ իրավիճակը և Ուկրաինայից ահաբեկչական սպառնալիքը»։


 


Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե Ռուսաստանում «վախենում են», որ Մայիսի 9-ի «շքերթի պահին Կարմիր հրապարակի վրայով անօդաչուներ կթռչեն»։


 


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախօրեին հայտարարել է, որ դիվանագիտական ներկայացուցչություններին նախազգուշացրել է՝ հնարավորինս արագ տարհանել անձնակազմը Կիևից, սպառնալով, որ եթե մայիսի 9-ի Հաղթանակի օրվա միջոցառումները խափանվեն Կիևի կողմից, Մոսկվան ի պատասխան լայնածավալ հարված կհասցնի քաղաքին:


 


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ մայիսի 8-9-ը հրադադար կհայտարարվի։


 


Ի պատասխան՝ Ուկրաինան հայտարարել էր մայիսի 5-ի լույս 6-ի գիշերվանից անժամկետ հրադադար հաստատելու առաջարկի մասին՝ կոչ անելով Ռուսաստանին փոխադարձաբար արձագանքել դրան:


 


2007 թվականից ի վեր առաջին անգամ Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի, հայտարարել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։


 


Ռուսական լայնամասշտաբ ներխուժումից չորս տարի անց Ուկրաինան համալրել է հեռահար զինատեսակների զինանոցը՝ ընդլայնելով թե՛ անօդաչու թռչող սարքերի, թե՛ հրթիռների արտադրությունը։


 


 


Leave a Comment