Ուժեղացված անվտանգություն ՌԴ-ում՝ Հաղթանակի օրվան ընդառաջ

Մայիսի 9-ին նացիստական Գերմանիայի դեմ ԽՍՀՄ հաղթանակը տոնելու համար Մոսկվայում կայանալիք շքերթին ընդառաջ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անրադարձել է ուժեղացված անվտանգության ռեժիմին։

«Դուք գիտեք, որ կարևորագույն տոների նախօրեին, և իհարկե, Հաղթանակի օրը, համապատասխան ծառայությունները միշտ էլ ձեռնարկում են անվտանգային լրացուցիչ միջոցառումներ», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ այս տարի հավելյալ քայլեր են իրականացվում՝ հաշվի առնելով «բավականին բարդ օպերատիվ իրավիճակը և Ուկրաինայից ներկայացվող ահաբեկչական սպառնալիքը»։

Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանում «վախենում են», որ մայիսի 9-ի «շքերթի պահին Կարմիր հրապարակի վրայով անօդաչուներ կթռչեն»։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախօրեին հայտարարել է, որ դիվանագիտական ներկայացուցչություններին նախազգուշացրել է՝ հնարավորինս արագ տարհանել անձնակազմը Կիևից՝ զգուշացնելով, որ եթե մայիսի 9-ի Հաղթանակի օրվա միջոցառումները խափանվեն Կիևի կողմից, Մոսկվան ի պատասխան լայնածավալ հարված կհասցնի քաղաքին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ մայիսի 8-9-ը հրադադար կհայտարարվի։

Ի պատասխան՝ Ուկրաինան հայտարարել էր մայիսի 5-ի լույս 6-ի գիշերվանից անժամկետ հրադադար հաստատելու առաջարկի մասին՝ կոչ անելով Ռուսաստանին փոխադարձաբար արձագանքել դրան:

2007 թվականից ի վեր առաջին անգամ Մոսկվայում մայիսի 9-ի շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի, նախորդ ամսվա ավարտին հայտարարել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ռուսական լայնամասշտաբ ներխուժումից չորս տարի անց Ուկրաինան համալրել է հեռահար զինատեսակների զինանոցը՝ ընդլայնելով թե՛ անօդաչու թռչող սարքերի, թե՛ հրթիռների արտադրությունը։

Leave a Comment