Շնորհավորում եմ ՊՍԺ-ին, իսկ մենք կփորձենք նորից․ Կոմպանի

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ի արգելքը չհաղթահարելն ու դժգոհություն հայտնել մրցավարական որոշումներից։

«Բրավո «Պարի Սեն Ժերմենին»։ Մենք երկու շատ հավասար հանդիպում անցկացրինք։ Ինչ վերաբերում է մրցավարի որոշումներին, ապա բողոքելու առիթներ հաստատ կան։ Նունու Մենդեշը Լայմերի հետ դրվագում պետք է ստանար երկրորդ դեղին քարտն ու հեռացվեր դաշտից»,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։

Խոսելով բուն խաղի ու մրցաշարից դուրս մնալու մասին՝ բելգիացին նշել է, որ արդյունքը ծանր է ընդունել, քանի որ իր թիմն անզիջում պայքար է մղել.

«Սա դժվար է ընդունել։ Մենք պարտվեցինք թեժ պայքարում, բայց փարիզցիներից վատը չէինք։ Պարզապես նման հանդիպումների ելքը վճռվում է մանրուքներով։ Առաջին խաղակեսը մեզ մոտ լավ ստացվեց, զգում էի, որ մենք ավելի լավն էինք ու հաճախ էինք հայտնվում այն գոտիներում, որտեղից կարող էինք վտանգավոր գրոհել, սակայն ՊՍԺ-ն շատ լավ էր գործում եզրային փոխանցումների ժամանակ։ Թեև մենք վտանգավոր պահեր էինք ստեղծում, նրանք թույլ չէին տալիս մեզ եզրափակիչ հարվածին հասնել։

Հիմքը միշտ էներգիան է, և թիմը կրկին դա ցույց տվեց։ Ցավոք, մենք եզրափակչում չենք։ Պետք է խոստովանել, որ խաղում էինք հիանալի մրցակցի դեմ։ Չեմպիոնների լիգան մեզ համար հիմա ավարտված է, բայց դեռ կլինեն պահեր, նոր հնարավորություններ, ինչն ինձ համար նույնպես լավ մոտիվացիա է։ ՊՍԺ-ն այնքան որակ ունի, որ նրանք, հավանաբար, Եվրոպայի լավագույն թիմն էին վերջին երկու տարիներին։ Մենք արդեն հինգ անգամ խաղացել ենք նրանց հետ՝ երկու հաղթանակ, երկու պարտություն և մեկ ոչ-ոքի։ Պետք է ասեմ՝ մենք ամեն ինչ արեցինք։ Շնորհավորում եմ ՊՍԺ-ին, իսկ մենք կփորձենք նորից»,- մարզչի խոսքերը փոխանցում է մյունխենցիների պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ ՉԼ վճռորոշ հանդիպումը կկայանա 2026 թվականի մայիսի 30-ին՝ Բուդապեշտում։

Leave a Comment