Ոստիկանները ձերբակալել են Շենգավիթի աշխատակիցների վրա հարձակման մեջ կասկածվողին

Ոստիկանությունը մեկ անձ է ձերբակալել Շենգավիթ վարչական շրջանի վարչակազմի աշխատակիցների վրա հարձակման գործով, հայտնում է Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ ՆԳՆ-ի՝ նա կասկածվում է «Հայրենիք» կինոթատրոնի մոտ Երևանի քաղաքապետարանի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի առևտրի ծառայության և գովազդի բաժնի մասնագետներին հարվածներ հասցնելու և խուլիգանություն կատարելու մեջ։ Գերատեսչությունից հավելել են, որ միջոցառումներ են ձեռնարկում խուլիգանության մասնակից մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը հայտարարել էր, որ միջադեպը տեղի է ունեցել «Հայրենիք» կինոթատրոնի մոտ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաստառի հեռացման ժամանակ, որը գերազանցում էր օրենքով սահմանված 5 քմ մակերեսը։ Ըստ Կարապետյանի՝ պաստառի հեռացման ժամանակ աշխատակիցներից մեկը ծեծի է ենթարկվել, գլխին հասցված հարվածի հետևանքով վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գևորգ Ստեփանյանը հայտարարել է, որ նկարը փակցվել է կինոթատրոնի սեփականատիրոջ համաձայնությամբ։ Նա պնդել է, որ վարչակազմի աշխատակիցները պատռել են պաստառը, վիրավորել շենքի սեփականատիրոջը և «գռեհիկ ու լկտի» են պահել իրենց։ Նա նաև հայտնել է, որ Շենգավիթում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբերից մեկն ապամոնտաժվել է։

Leave a Comment