ՀՀ դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ, բողոքել Զելենսկու երևանյան ելույթի կապակցությամբ

Այսօր Ռուսաստանի արտգործնախարարություն է կանչվել Հայաստանի դեսպանը: Գուրգեն Արսենյանը հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ:

«Դիվանագիտական առաքելության ղեկավարին հայտարարվել է ԵՄ հովանու ներքո վերջին միջոցառումների շրջանակում Հայաստանում Կիևի նացիստական ռեժիմի պարագլուխ Վ. Զելենսկուն Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար «ամբիոն» տրամադրելու կատեգորիկ անընդունելիության մասին», – ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում: – «Ընդգծվել է, որ Մոսկվայում այդ կապակցությամբ արդարացի վրդովմունք են ապրում և պաշտոնական Երևանի կողմից պատշաճ բացասական գնահատականի բացակայությունը համարում են […] ռուս-հայկական հարաբերությունների գործընկերային բնույթին չհամապատասխանող»:

Ըստ հաղորդագրության՝ դեսպանը խոստացել է Երևանում զեկուցել ռուսական կողմի ներկայացրածի վերաբերյալ:

Հայկական կողմը դեռ չի արձագանքել:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Երևանում հայտարարել էր, մասնավորապես, թե Մոսկվան այս տարի որոշել է առանց ռազմական տեխնիկայի անցկացնել շքերթը, քանի որ «նաև վախենում են, որ շքերթի պահին Կարմիր հրապարակի վրայով անօդաչուներ կբզզան»:

Leave a Comment