ԵՄ երկրները չեն տարհանի իրենց դիվանագետներին Կիևից

Եվրամիության անդամ պետությունները չեն պատրաստվում տարհանել դիվանագիտական անձնակազմը Ուկրաինայի մայրաքաղաքից՝ չնայած Ռուսաստանի կողմից զանգվածային հարվածների սպառնալիքին։

Եվրահանձնաժողովի խոսնակ Անուար Էլ-Անունին հայտարարել է, որ ԵՄ երկրները մտադիր չեն իրականացնել դիվանագետների տարհանում Կիևից։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը կրկին փորձում է իր նվաճողական պատերազմի պատասխանատվությունը բարդել Ուկրաինայի վրա։

Խոսնակը հավելել է, որ ռուսական հարձակումները Կիևի և Ուկրաինայի այլ բնակավայրերի վրա ամենօրյա բնույթ են կրում։ Վերջին տարիներին Ռուսաստանի գործողությունների հետևանքով վնասվել են մի քանի դիվանագիտական ներկայացուցչություններ, այդ թվում՝ ԵՄ պատվիրակության շենքը։

Նրա խոսքով` Ռուսաստանի իշխանությունները պահանջում են Ուկրաինայից ընդունել մայիսի 8-9-ի համար հայտարարված միակողմանի «հրադադարը»՝ Հաղթանակի օրվա շքերթն անցկացնելու նպատակով։ Հակառակ դեպքում ՌԴ պաշտպանության նախարարությունը սպառնացել է զանգվածային հարվածներ հասցնել Կիևին։

Մայիսի 7-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան և նախագահի օգնական Յուրի Ուշակովը վերահաստատել են պաշտպանական գերատեսչության վերջնագիրը։ Նրանք կոչ են արել ցուցաբերել «առավելագույն պատասխանատվություն» և իրականացնել խաղաղ բնակիչների ու դեսպանատների անձնակազմի «կանխավ տարհանում» մայրաքաղաքից։

Leave a Comment