«Եթե Ադրբեջանի բանտում գտնվող հայերի պաշտպանությունը ՀՀ ՄԻՊ-ի մանդատում չէ, ապա ո՞ւմ». Ռուբեն Վարդանյան

Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռոբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի միջոցով հայտարարություն է փոխանցել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անաիտ Մանասյանի պատասխանի առնչությամբ։

Անցած ամիս Ռոբեն Վարդանյանն դիմել էր Հայաստանի ՄԻՊ-ին, որ հանդիպի Բաքվում պահվող գերիներին ու ապահովի նրանց ու ընտանիքի անդամների տեսակցությունը: Անահիտ Մանասյանը Ռուբեն Վարդանյանի դիմումի հետ կապված ասել էր, թե իր լիազորությունները միայն Հայաստանի մակարդակով են:

Վարդանյանը մասնակվորպես նշել է՝ եթե Ադրբեջանի բանտերում գտնվող հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա. «Մեր երկրում ո՞վ է պատասխանատու այս հարցի համար։ Ե՞րբ է նշանակվել այդ անձը։ Ինչո՞ւ դրա մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ բանտարկյալների ընտանիքները, ո՛չ հասարակությունը»։

«Կան մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում պահվում են արդեն վեց տարի։ Այս ընթացքում Հայաստանի կառավարությունն այդպես էլ չկարողացավ նրանց հետ կայուն և հասկանալի կապի մեխանիզմ կազմակերպել ՝ ո՛չ երրորդ կողմի` Բաքվում այլ պետությունների դեսպանատների, ո՛չ միջազգային կազմակերպությունների միջոցով», – նշել է Վարդանյանը։

«Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են Ադրբեջան մեկնել առևտրային, տնտեսական և այլ հարցեր քննարկելու նպատակով, բայց չեն կարողանում կազմակերպել այց հայ գերիների կյանքի, առողջության և իրավական կարգավիճակի հարցերով։ Արդյո՞ք մարդկանց ճակատագիրն առևտրային բանակցություններից առավել կարևոր չէ։ Ինչո՞ւ մինչ օրս բանտարկյալներին ամենաանհրաժեշտ իրերը փոխանցելու նորմալ մեխանիզմ կազմակերպված չէ։ Մի շարք անձինք արդեն ավելի քան մեկ տարի ոչինչ չեն ստանում։ Շատերը նորմալ հագուստ չունեն. հնարավորություն չկա ստանալ այն, ինչ իրականում անհրաժեշտ է՝ հաշվի առնելով նրանց տարիքը, առողջական վիճակը և պահման կենցաղային պայմանները», – հավելել է նա։

Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ռուբեն Վարդանյանը հարց է ուղղել, թե ո՞վ է անձամբ պատասխանատու այս գործընթացի կազմակերպման համար։ Ինչպիսի՞ն է հաստատված կարգը։

«Հայտարարե՛ք պատասխանատու անձին։ Հրապարակե՛ք աշխատանքի մեխանիզմը։ Բացատրե՛ք՝ վերջին վեց տարիների ընթացքում ի՞նչ է արվել։ Կամ էլ ազնվորեն խոստովանեք, որ այդպիսի պատասխանատու գոյություն չունի, և գերիների՝ իրենց պետությունից օգնություն ակնկալելը անիմաստ է», – նշել է Վարդանյանը:

Leave a Comment