«Հայկականի սպանդ». ահազանգ Երևանի շենքերի սխալ վերականգնման մասին – armeniatoday.am

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը և ճարտարապետ Դավիթ Ստեփանյանն ահազանգել են Երևանի պատմաճարտարապետական հուշարձանների նպատակաուղղված ոչնչացման և «բարբարոսական վերականգնման» մասին։

Դեմոյանի փոխանցմամբ՝ Աբովյան փողոցում գտնվող բժիշկ Արամ Տեր-Ավետիքյանի պատմական շենքը, որը Երևանում «արտ նուվո» ոճի միակ պահպանված հուշարձանն է, զգալիորեն վնասվել է անպատասխանատու մաքրման աշխատանքների հետևանքով։ Ըստ գիտնականի՝ քարերի մակերեսը ավազաշթային եղանակով մաքրելու հետևանքով սրբատաշ քարը դարձել է ծակոտկեն, ինչը տարիներ անց կհանգեցնի հուշարձանի ամբողջական քայքայմանը։ Դեմոյանը կատարվածի համար ուղղակիորեն մեղադրել է ԿԳՄՍ նախարարությանը՝ նրանց գործելաոճը որակելով «հանցավոր և անպատասխանատու»։ Նա նշել է, որ նույն ճակատագրին են արժանացել նաև Բուզանդի 38 և Արամի փողոցում գտնվող Ֆադեյ Թադևոսյանի առանձնատան ճակատները։

Ճարտարապետ Դավիթ Ստեփանյանն իր հերթին անդրադարձել է քաղաքապետարանի թույլտվությամբ իրականացվող այլ նախագծերի, որոնք նա բնորոշել է որպես «հայկականի սպանդ»։ Մասնավորապես, քննադատության է ենթարկվել Թամանյանի ճարտարապետական լուծումների «եվրոպականացումը», որի շրջանակներում օրիգինալ սյուները փոխարինվում են «եվրոռաբիզ» տարբերակներով։ Ճարտարապետի պնդմամբ՝ բնօրինակում ներդաշնակ և հայկական ձևամտածողությանը հարիր պորտալները փչացվում են հանուն «հիմար շրջանակներով զարդարված շաբլոն սյուների»։

Մասնագիտական շրջանակները պահանջում են խստիվ արգելել հուշարձան-շենքերի մաքրման նմանատիպ եղանակները և սահմանել խիստ վերահսկողություն սեփականատերերի կամայական որոշումների նկատմամբ, որոնք խեղում են քաղաքի պատմական դիմագիծը։

Կարդացեք նաև՝ 
Պատմական շենքերը՝ լապտերների տակ․ ամանորյա տրամադրությո՞ւն, թե՞ ապտակ ճարտարապետությանը
Հուշարձանին անվերականգնելի վնաս է հասցվել․ Դեմոյանը՝ Ծիծեռնակաբերդի նորոգման մասին

 

Leave a Comment