Փոխվել են սակագները. ինչպես է իրավիճակն Իրանում ազդել Հայաստան- Ղազախստան միջանցքի վրա




 

Sputnik. Նոր ուղղությամբ բեռների փոխադրման ժամանակը կազմում էր մինչև 20 օր, ինչը այն դարձնում էր գոյություն ունեցող երթուղիների նկատմամբ արդյունավետ այլընտրանք:


 


Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդել Հայաստանի և Ղազախստանի միջև գործարկված մուլտիմոդալ տրանսպորտային երթուղու վրա: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Աստանա» դիվանագիտական ակումբի նախագահ Կայիրբոլատ Սախմետովը Երևանում կայացած հայ-ղազախական կլոր սեղանի շրջանակներում։


 


Երթուղին գործարկվել էր դեռևս 2025 թվականի հոկտեմբերին և միացնում էր Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը և Իրանը։


 


Երթուղին ընդգրկում է երկու գործող ճյուղ՝ Չինաստան (Խորգոս)-Ղազախստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան, Չինաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան:


 


«Երկու ճյուղերն էլ փորձարկվել են և բարձր արդյունավետություն են ցուցաբերել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել և լուծվել է մաքսային ընթացակարգերի հարցը», – ասաց Սախմետովը։


 


Մինչև Իրանում ռազմական գործողությունների սկսվելը ընկերություններն օգտվում էին այդ երթուղուց։


 


Նոր երթուղով բեռների տեղափոխումը տևում է մինչև 20 օր, ինչը այն դարձնում է լավ այլընտրանք գործող երթուղիներին, որոնցով բեռնափոխադրումը կարող էր տևել մինչև 45 օր։


 


«Սահմանները բաց են, երթուղին գործում է, սակայն Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով ավելացել է փոխադրման արժեքը»,-ասաց նա:


 


Սախմետովը հստակեցրեց, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի հանգուցալուծումից հետո մուլտիմոդալ երթուղին կշարունակի գործել նախկինի պես:


 


Մեր զրուցակցի կարծիքով՝ այս երթուղին ամրապնդում է Հայաստանի լոգիստիկ կապը Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ՝ լրացուցիչ հնարավորություններ բացելով արտահանման, տարանցման և եվրասիական տրանսպորտային համակարգին ինտեգրվելու համար:


 


Սախմետովն ընդգծեց Հայաստանի և Ղազախստանի միջև փոխգործակցության հետագա ամրապնդման, ԵԱՏՄ շրջանակներում առևտրի և գործարար շփումների զարգացման կարևորությունը:


 


Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ժամանակ (առցանց) հայտարարել էր, որ Երևանը կողմ է Ղազախստանից Հայաստան մուլտիմոդալ բեռնատար տրանսպորտային երթուղու ստեղծմանը:


 


 


Leave a Comment