ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը հաջող բանակցություններ է վարել Իրանի հետ և շուտով կարող է համաձայնության գալ, հայտնել է «Ինտերֆաքս»-ը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում մենք շատ լավ բանակցություններ ենք ունեցել։ Եվ շատ հնարավոր է, որ մենք համաձայնության հասնենք։ Եթե մենք հասնենք դրան, նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Եթե ոչ, ստիպված կլինենք շատ ավելի լուրջ քայլ կատարել»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։
Ինչպես հայտնել է The Wall Street Journal-ը՝ Վաշինգտոնը ցանկանում է, որ Թեհրանը 20 տարով դադարեցնի ուրանի հարստացումը։
Աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն ձգտում է Իրանում ուրանի հարստացման 20-ամյա մորատորիում սահմանել և պահանջում է Իրանի կողմից պահվող բոլոր հարստացված միջուկային նյութերի դուրսբերումը։ ԱՄՆ վարչակազմը նաև պնդել է Սպահանի, Նաթանզի և Ֆորդոյի միջուկային օբյեկտների ապամոնտաժման, միջուկային ծրագրի հետ կապված ստորգետնյա աշխատանքների և ստուգումների արգելքի վրա։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցով նավերի դուրսբերման «Ազատություն» նախագիծը կարճ ժամանակով կասեցվելու է՝ Իրանի հետ համաձայնագրի վերջնական մշակման և ստորագրման հնարավորությունները գնահատելու համար։ New York Post-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ դեռ վաղ է Իրանի հետ խաղաղության ուղիղ բանակցություններ սկսելու համար։
