«Խոսքի տեր լինի», «ինժեներ լինի՝ մարդ աշխատացնի»․ քաղաքացիները՝ ուժեղ առաջնորդի մասին

Ազգային ժողովի ընտրություններին մնացել է շուրջ մեկ ամիս, որին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներից յուրաքանչյուրն իր կերպարը հանրությանը ներկայացնում է տարբեր շեշտադրումներով:

Հատկապես ընտրությունների նախաշեմին, քաղաքացու քվեին արժանանալու ակնկալիքով, նրանք առիթը բաց չեն թողնում հիշեցնելու իրենց՝ որպես պետության ապագա առաջնորդի դրական ու ուժեղ հատկանիշները:

Դեռևս դասական քաղաքագիտության հայրերից Նիկոլո Մաքիավելին պնդում էր, որ առաջնորդը պետք է լինի «խորամանկ՝ ինչպես աղվեսը, և քաջ՝ ինչպես առյուծը»:

Armenia Today-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով և փորձել պարզել՝ ըստ երևանցիների, ի՞նչ որակներով պետք է օժտված լինի երկրի ղեկավարը:

Հարցվածածները տաարբեր կարծիք ունեն առաջնորդի բնավորության և կերպարի մասին։  Ոմանք պատրաստ են ներել քաղաքական առաջնորդի թուլությունները, եթե այն համընկնում է ժողովրդի շահի հետ։ Ոմանք կարծում են, որ առաջնորդը պետք է թույլ կողմեր չունենա։ Քչերն են կարծիք հայտնել, որ առաջնորդը ևս կարող է ունենալ թույլ կողմեր, և իրենք պատրաստ են ըմբռնելիության սահմաններում ներել այն։ Ստացված պատասխաններում ևս առաջնորդի ուժեղ հատկանիշների մասին միանման կարծիքներ չկային։ 

«Ուժեղ առաջնորդը պիտի ժողովրդի վստահությունը միշտ ունենա և իր գործին հավատարիմ լինի»,- այսպես է կարծում քաղաքացին։

Հարցվածներից մյուսի կարծիքով՝ ցանկացած երկրի առաջնորդ 6 հատկանիշ պետք է ունենա, և դրանցից նույնիսկ մեկի բացակայության դեպքում իրավունք չունի լինել այդ դերում։

«Հմտություն, փորձ, անաղարտություն, հմայք և այլն, որոնք հիմա կդժվարանամ հիշել։ Այսպես է ընդունված աշխարհում, այսպես է գրված գրքերում՝ ուժեղ առաջնորդի մասին»,- վստահեցրել է քաղաքացին։

Մեր հարցմանը պատասխանած մեկ այլ քաղաքացի նշել է, որ ՀՀ վերջին 4 քաղաքական առաջնորդներն այդպես էլ չեն արդարացրել իր սպասումները։

«Կյանք և աշխատանքային փորձ․ երկրի վերջին 4 առաջնորդներից ոչ մեկի մեջ չեմ տեսել սրանք։ Մեկը գիտնական էր, մեկը՝ պարտկոմ, մյուսը՝ լրագրող։ Մի ինժեներ մարդ չգտնվեց իր թեկնածությունը դներ, անցներ, որ այս երկիրը ծաղկեցներ»,- կարծիք է հայտնել և դժգոհել քաղաքացին։

Հարցված քաղաքացիներից շատերը, թվարկելով ըստ իրենց առաջնորդին բնութագրող ուժեղ հատկանիշներ, դժվարացել կամ խուսափել են ասել, արդյոք այդպիսի առաջնորդ տեսնո՞ւմ են ներկայիս քաղաքական դաշտում։ Միայն քչերն են այդ հարցին հստակ պատասխան տվել։

«Մենք քաղաքական մարդիկ չենք, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ երկրի ուժեղ ուժը հիմա Սամվել Կարապետյանն է, որովհետև նա խելքը գլխին մարդ է»,- վստահեցրել է քաղաքացին։

Հարցված մի քանի քաղաքացի դժվարացել է բնութագրել առաջնորդի կերպարը, բայց որպես առաջնորդ՝ մատնանշել Նիկոլ Փաշինյանին։ Քաղաքացիներից մեկը նաև բնութագրել է վարչապետին՝ որպես երկրի առաջնորդի և նշել թույլ կողմը։

«Ուժեղ առաջնորդը ներկայիս առաջնորդի օրինակով պիտի լինի։ Կարծում եմ՝ նրա թույլ կողմն այն է, որ Ռուսաստանի հետ թույլ քաղաքականություն է վարում»,- առաջնորդի կերպարը վերլուծել և քաղաքական գնահատական է տվել քաղաքացին։

Հայրենասեր, խելացի, նվիրված և տարբեր այլ դրական հատկանիշներով են բնորոշել իրենց պատկերացրած ուժեղ առաջնորդին քաղաքացիներից ոմանք։ Որպես թույլ հատկանիշ՝ նշել են նաև ստախոսությունը։

«Ուժեղ առաջնորդը պետք է տեր կանգնի իր տված խոսքին և թույլ կողմեր պիտի չունենա»,- ասել է մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a Comment