Ումերովը կմեկնի Ուիթքոֆի և Կուշների հետ բանակցությունների. Bloomberg

Ումերովը կմեկնի Ուիթքոֆի և Կուշների հետ բանակցությունների. Bloomberg

Bloomberg պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ այս շաբաթ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը պետք է մեկնի Մայամի՝ ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Կուշների հետ բանակցությունների համար։

Bloomberg-ը հիշեցնում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել էր Ուիթքոֆին և Կուշներին ժամանել Կիև՝ իր հետ հանդիպման, սակայն հրապարակման մեջ ասվում է, որ այժմ դա «հարցականի տակ է»։

Նախքան ԱՄՆ-ի ու Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմի մեկնարկը, Ումերովը ԱՄՆ-ում անցկացրել էր բանակցությունների մի քանի փուլ, որոնք որևէ հայտնի արդյունքի չէին հանգեցրել։ Բացի այդ, Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների սկսվելուց հետո անորոշ ժամանակով հետաձգվել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցությունները։

Ուկրաինան ԱՄՆ-ից սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրման։ Ուկրաինացի պաշտոնյաները հայտնել են, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում Կիևի վրա, որպեսզի վերջինս համաձայնի Դոնբասի իր վերահսկողության տակ գտնվող շրջաններից զորքերի դուրսբերման ռուսական պահանջներին։ Ուկրաինան շարունակում է մերժել նման պահանջները։

Bloomberg-ի աղբյուրները հրաժարվել են հայտնել, թե կոնկրետ ինչի մասին է Ումերովը խոսելու ԱՄՆ-ում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment