Իսրայելը, «Հեզբոլլահի» հետհրադադարի համաձայնության գալուց հետո առաջին անգամ, հարված է հասցրել Բեյրութին։ Իսրայելը հայտարարել է, որ հարվածի թիրախը եղել է այդ զինված խմբավորման էլիտար «Ռադվան» ստորաբաժանման հրամանատարը քաղաքի հարավային արվարձաններում։
Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ հարվածի հետևանքով հրամանատարը զոհվել է, սակայն իսրայելական բանակից կամ «Հեզբոլլահից» հաստատում դեռևս չի ստացվել։
Լիբանանում հրադադարը հիմք էր դարձել ԱՄՆ-ի և Իրանի միջև ավելի լայն հաշտեցման համար, ընդ որում՝ Լիբանանին հասցվող իսրայելական հարվածների դադարեցումը Իրանի առանցքային պահանջն է։
Մինչ Իրանը և ԱՄՆ-ը հայտարարում են հակամարտության դադարեցման համաձայնագրին մոտ լինելու մասին, այս հարվածները սպառնում են խաթարել հրադադարը, որը կանգնեցրել էր Բեյրութի վրա իսրայելական հարձակումները։ Իսրայելական զորքերը մնում են Լիտանի գետից հարավ գտնվող շրջաններում, և հարվածները Լիբանանի հարավում շարունակվում են։
Իրանի դաշնակից «Հեզբոլլահը» պատասխանել է իսրայելցի զինվորների ուղղությամբ կրակոցներով և զինված անօդաչու թռչող սարքերի արձակմամբ։
Ավելի վաղ Իսրայելը կոչ էր արել բնակիչներին տարհանվել Լիտանի գետից հյուսիս գտնվող մի քանի գյուղերից, ինչը կարող է նշանակել Իսրայելի մարտական գործողությունների գոտու ընդլայնում։ Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունները շարունակվում են, սակայն հիմնականում դեսպանների մակարդակով։
Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հայտարարել է, որ Լիբանանի և Իսրայելի միջև բարձր մակարդակի որևէ հանդիպման մասին խոսելը դեռևս վաղաժամ է։
